Դատարանները միայն օրենքից են անկախ

    • Իրավունք - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 18:55

Նորից դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես երկրում արդարադատության երաշխավորի /թեպետ նամակներն իմ կասկածում եմ, թե հասնում են հասցեատիրոջը/

Դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Դիմում եմ բողոքի ակցիայի մասնակից ավելի քան 500 փաստաբաններին և, իհարկե, ոչ անտարբերներին

Հունիսի 22-ին պատասխան ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանից, որում ասված էր` Ձեր պաշտպան Վ.Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվում է` 08.06.12 որոշմամբ: Այսինքն` Վճռաբեկը դեռ մինչև չոր հացադուլ հայտարարելս էր մերժման որոշում կայացրել, բայց, չգիտես ինչու, բռաչափ Երևանում պատասխանը Նուբարաշենի կլոր գերեզմանոց էր հասել երկու շաբաթում: Բայց առավել կարևորն այն է, որ երկու ամիս էր անհրաժեշտ Վճռաբեկ դատարանին, որպեսզի խղճուկ երկու էջանոց ձևակերպումով ետ վերադարձնի փաստաբանիս բողոքը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով 16 տարի առաջ կայացված իմ մահապատժի դատավճիռը բեկանելու և նոր քննություն սկսելու մասին:

Մեր պահանջն առավել, քան հիմնավոր է. իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ապացույցներ, որ 1996 թ-ին նախաքննության առաջին իսկ ժամերից քննիչի կողմից կատարվել են ակնհայտ կեղծիքներ, մասնավորապես իբր սպանության գործիք հանդիսացող առարկաները, որպես այդպիսին ճանաչելու նպատակով հրավիրվել են ընթերականեր: Այսօր փաստացի ապացույցներ են ձեռք բերվել, որ նրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Չեմ ցանկանում իրավաբանական հիմնավորումների մեջ խորանալ, պարզապես մեջբերեմ Քր. Դատավարության օրենսգրքի 426 հոդվածի 3-րդ կետը, այն է` դատական ակտերի վերանայման հիմքերը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով. վերանայման է ենթակա ակտը, եթե դատական ակտով հաստատված է փորձագետի եզրակացությամբ ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական արձանագրությունների և այլ փաստերի կեղծված լինելը:

1996 թ-ի դատավճիռը չբեկանելով` փաստորեն Վճռաբեկ դատարանը կանաչ լույս է վառում քննիչների, դատաբժշկական փորձագետների համար` որքան կարող եք կեղծեք փաստաթղթեր, վկաների ցուցմունքներ, հորինեք գոյություն չունեցող ընթերականներ, կեղծեք դատակենսաբանական եզրակացություններ, ինչպես իմ գործում: Ու հոգ չէ, որ հետևանքը մարդկային խեղված ճակատագիր է` մահապատժի դատավճռով:

16 տարի առաջ մեկ ցուցմունքը, այն էլ 4 անգամ փոփոխված, բավարար եղավ ինձ` 20-ամյա ուսանողիս, գնդակահարության դատապարտելու համար: Հիմա, Վճռաբեկ դատարանի պարոնայք արդարադատներ, ասացեք խնդրեմ, քանի՞ ապացույց է պետք, որ բավարար համարվի` երկուսը երեքը, տասը… ո՞րն է հիմնավոր. գործով մյուս մեղադրյալի բազմաթիվ ցուցմունքներից մեկը, թե՞ քննչական գործողությունների և դատակենսաբանական փորձաքննության ապացուցված կեղծիքները:

Նույնպիսի ջանասիրությամբ հապա ինչո՞ւ 16 տարի առաջ չասվեց` ախր մեկ անձի` 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվող ցուցմունքով ինչպես մարդուն դատապարտենք խստագույն պատժի: Ինչո՞ւ գործը չուղարկվեց լրացուցիչ քննության, ինչո՞ւ չկատարվեց դատահոգեբանական համալիր փորձաքննություն, ինչո՞ւ դատակենսաբանական փորձաքննության մեջ թույլ տրվեց կեղծիք, ինչո՞ւ քննչական գործողությունները առաջին իսկ ժամերից կատարվեցին խախտումներով: Ինչուները շատ են, դեդեկտիվախառը իրապատում հեքիաթի նմանվող 3 հատորանոց քրեական գործով ընդամենը 3 ամսում կատարված քննությամբ ինչուների պատասխանները չեն տրվել մինչ օրս:

Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ով ողբերգական վախճան ունեցավ, մի օր այցելեց Նուբարաշենի կլոր գերեզմանոց ու ինձ ասաց. «Քո գործը դեռ այն ժամանակ ինձ հետաքրքրեց, անպայման վերաբացվելու է»: Իսկ հետո` 2005 թ-ին այն ժամանակ ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը այցելեց Նուբարաշենի գերեզմանոց և բառացի ասաց. «Հանգիստ տեղդ նստի ու մոռացի գործիդ վերաբացման մասին, թե չէ ընտանիքիդ վնաս կտամ»: Ինչքան կարելի է սպառնալ, նույնն էլ քննիչն էր անում 96-ին: Ո՞վ է կանգնած սրա հետևում, միգուցե փաստեր կան, որոնք ես էլ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր լռեցնում են արդարադատության ձայնը: Ո՞վ է խանգարում գործի վերաբացմանն ու ճշնարտության բացահայտմանը հիմա: Ո՞ւմ է ձեռնտու թե այն ժամանակ, թե մինչ օրս ճշմարտությունը թաքցնել հասարակությունից` անկատար, հապշտապ, կեղծիքներով քննություն կատարելով: Ես մարդ չեմ սպանել, ու վաղ թե ուշ այս Գորդյան հանգույցը կքանդվի:

Հարգելի Աղվան Հովսեփյան, 16 տարի շարունակ Դատախազությունը պնդում էր, որ գործի վերաբացման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ` վկայակոչելով հենց 426 հոդվածը: Դեպքից 16 տարի անց դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Արդարությանը հասնելու բոլոր ճանապարհները Հայաստանում տանում են փակուղի, ամենուր անտարբերության պատ է: Ու ես բնավ չեմ հավատում արդարադատությանը մեր երկրում, օրենքը մտրակ է դարձել անպաշտպաններին պատժելու համար, ու ես դարձյալ ու դարձյալ հիշում եմ Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության դեպքն ու էքս-նախագահի անպատիժ մնացած ախրաննիկին:

Հարգելի փաստաբաններ, Վճռաբեկ դատարանը Ձեր ակցիայի կապակցությամբ ասում էր` կոնկրետ գործ մատնացույց արեք: Հեռու չգնանք: Ստացվում է, որ 90-ականների ամենաթողության տարիները մեր օրերում շարունակվում են, իսկ հանրապետության նախագահի մոտ դատաիրավական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պուպուշ- պուպուշ խոսում են արդարության բարձր իդեաներից: Մինչդեռ հենց նման գործերն են փորձաքար, որոնք պահանջում են գործնական քայլեր` ուղղելու դատական սխալը:

Հարգելի նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես երկրում արդարադատության իրականացման երաշխավորի, խնդրում եմ գործի վերաբացման հնարավորություն տալ` արդար դատաքննության բոլոր նորմերին համապատասխան: Այս նախադասությունը գրում եմ տարիներ շարունակ, բայց… ձայն բարբառո անապատի:

Հարգանքով` Մհեր Ենոքյան, Նուբարաշենի կլոր գերեզմանոց

Հ.Գ. Այսուհետ ոչ մի ինքնավնասում, ոչ մի հրաժարում հացից ու ջրից: Ինձ դեռ ուժեր են հարկավոր պայքարի համար: Պայքարի վերջում Սկիզբն է: Իսկ Սկզբում բուռն ստեղծագործ կյանք ունեմ ֆիզիկական ազատության մեջ: Բացի այդ, զգացի, տեսա, որ պայքարիս մեջ մենակ չեմ: Շնորհակալ եմ այն 200 մտավորականներին, արվեստագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ովքեր ստորագրել էին իմ գործի վերաբացման համար: Պայքարի վեկտորն ուղղում ենք դեպի Եվրոպա:

  1. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  2. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  3. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  4. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  5. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  6. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  7. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  8. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  9. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  10. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013