Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս փաստաբանների հայտարարած գործադուլին: Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքում են «Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ իր տեղեկություններով` բողոքող փաստաբանների թիվը հասնում է 200-ի, սակայն նրանք օրենքով գործադուլ անելու թույլտվություն չունեն, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը չի տարածվում փաստաբանների վրա:
«Դա գորածդուլ չի: Լավ ա, որ փաստաբանները կարողանում են նաև իրենց իրավունքները բարձրացնել և խնդիրները վեր հանել: Այ բան ա, որ պետք ա կոնկրետ դեպքերն ուսումնասիրել և տեսնել: Խնդիրը կայանում է հետևյալում, թե Վճռաբեկ դատարանը գործերը վարույթ ընդունելիս ունի միասնական պրակտիկա, թե ոչ, արդյոք այդ որոշումները, երբ որ կայացվում են, դրանք պետք ա ձայնագրվեն, պետք ա մատչելի դառնան, և այստեղ կամայականություն կա՞, թե չկա: Իմ կողմից էլ հանձնարարված ա ոչ միայն այդ գործը դիտարկել, այլ նաև համալիր կերպով ուսումնասիրել պրակտիկան և իրոք տեսնել»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով` Վճռաբեկ դատարանի նկատմամբ ընկալումն այսօր շատ թյուր է: «Վճռաբեկ դատարանը մենք դիտարկում ենք որպես հերթական ատյան: Այս բարեփոխումների արդունքում պետք է հասնենք նրան, որ առաջին ատյանում խնդիրը լուծվի, բոլոր փաստերն ու ապացույցները պետք է այնտեղ ներկայացվեն»,- նշեց Թովմասյանը` հավելելով, որ առաջիկա 4 տարիներին դատաիրավական բարեփոխումների ծրագրով շատ ու շատ հարցերի պատասխաններ կտրվեն:
Հրայր Թովմասյանը նաև կարծում է, որ դատավորներն արհեստականորեն են ծանրաբեռնում Վճռաբեկ դատարանը: «Մեր փաստաբաններն իրենց հաճախորդի մոտ ինչ-որ բան արած լինելու համար փորձում են այս բոլոր ատյաններով անցնել և բողոքարկել»: Այնինչ, ըստ նրա, փաստաբանի կողմից չպետք է ինքնանպատակ լինի Վճռաբեկ գնալը, և ավելորդ չպետք է ծանրաբեռնվի այս դատական ատյանը:
