Մայիսի 21-ին Մշակութային բազմազանության օրվան նվիրված ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված (ժամը 17:00-ի սահմաններում lragir.am և 1in.am և կայքերի լրագրող Սիրանույշ Պապյանը, որը լուսաբանելիս էր եղել ակցիան, նկատել է, որ երիտասարդների մի խումբ քաշքշում և հայհոյախառն արտահայտություններով տարածքից վռնդում մի տղամարդու, և երբ լրագրողը հարցրել է՝ ինչու եք վիրավորում, երիտասարդներից մեկը լրագրողին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչից հետո լրագրողը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով իր արժանապատվությունը վիրավորողին պատասխանատվության ենթարկել) պարզվել է, որ երիտասարդը Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի փոխտնօրեն, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի Ավանի հանձնախմբի ղեկավար Էդմոն Պետրոսյանն է: Մեր ունեցած հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Պետրոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորներից է:
Թեև երիտասարդը սկզբում համառորեն պնդել է, որ վիրավորել է համասեռամոլներին պաշտպանող մի տղայի, բայց ոչ աղջկա, որ ինքը հայ աղջկա չի վիրավորում, լրագրողը պնդել է, որ հենց իրեն է հայհոյանքն ուղղված եղել:
Տեղեկացրել էինք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում էին նյութեր քրեական օրենսգրքի սահմանված կարգով խուլիգանություն հոդվածով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել նաև Էդմոն Պետրոսյանը, որի ընթացքում խոստովանել է, որ մտածելով աղջիկը համասեռամոլությունը քարոզողներից է, մեկ անգամ հայհոյել է աղջկան: Բացի այդ, Էդմոն Պետրոսյանը նշել է, որ զղջացել է իր արարքի համար, ասել, որ տվյալ պահին չի գիտակցել՝ ինչ է անում: Նա նշել է, որ հասկացել է իր սխալը և պատրաստ է Սիրանույշ Պապյանից ներողություն խնդրել: Մայիսի 30-ին կողմերը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ Էդմոն Պետրոսյանը ներողություն է խնդրել լրագրողից, ասել, որ հասկացել է իր կողմից դրսվորված անհարգալից վերաբերմունքը Ս.Պապյանի նկատմամբ և հայտարարել է, որ նման վարքագիծ իր կողմից այլևս չի ցուցաբերվի:
Նյութերի նախապատարաստմամբ հիմնավորվել է, որ Է. Պետրոսյանի արարքում բացակայում են ՀՀ ՔՐ.օր 258 հոդվածի հանցակազմի հատկանիշները, քանի որ հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական կարգի կոպիտ խախտման մեջ:
