Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սկսել է աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, ովքեր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ չեն:
Մեր ունեցած տեղեկություններով` նախքան ընտրությունները Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիայում ձևականորեն ինչ-որ տների վրա է գրանցել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին աղցաններ և տաք սննդամթերք մատակարարող խոհանոցի աշխատակիցներին, որպեսզի իրեն ընտրելու հնարավորություն ունենան: Իսկ ընտրություններից հետո պատգամավորը սկսել է «մաքրել» աշխատակիցների ցուցակը:
Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խոհանոցի շուրջ 25 աշխատակից արդեն ազատվել է աշխատանքից: Սկզբում նշված վարչական շրջանում գրանցում չունեցողներին ասել են, որ կարող են աշխատանքի մնալ միայն այն դեպքում, եթե կարողանան գրանցման հարցը լուծել: Աշխատակիցների մի մասը փորձել է լուծել այդ հարցը, սակայն ղեկավարությունից տեղեկացրել են, թե «արդեն ուշ է, դա չի օգնի, դուք ազատված եք»:
Մարդիկ վիրավորված են և նշում են, որ փաստորեն Սամվել Ալեքսանյանն իրենց ընտրությունների ժամանակ պարզապես օգտագործեց:
Աշխատանքից ազատվողների մեծամասնությունը երկարամյա աշխատողներն են, որոնց թվում պահեստապետեր կան: «Դրանք այն աշխատողներն են, որ անտրտունջ առավոտյան 6-ից մինչև երեկոյան 6-ը աշխատել են: Մեծ մասը գրանցված էլ չեն եղել, բայց համաձայնել են այդ պայմաններով աշխատել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:
Նշենք, որ աշխատանքից ազատվածների թվում են նաև այն կանայք, ովքեր նախընտրական շրջանում Սամվել Ալեքսանյանի հրահանգով ընդդեմ Նիկոլ Փաշինյանի համայնքում ակցիաներ էին անցկացնում:
