Տիգրան Մուկուչյանի կադրերը

    • Իրավունք - Շաբաթ, 12 Մայիսի 2012, 14:30

Մայիսի 10-ին Թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկեց 17/27 ընտրական տեղամասում (գյուղ Դիմիտրով) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Ներսիսյանի վստահված անձանց` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ներկայացրած դիմումը` քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Հանձնաժողովը մերժեց դիմումը օրենքով նախատեսված ժամկետներում այն չներկայացնելու համար (մի քանի ժամ ուշ են ներկայացրել), չնայած որ դիմումի հեղինակները միջնորդություն էին ներկայացրել, որտեղ նշել էին ուշացման օբյեկտիվ պատճառները: Ընտրախախտումներն այնքան բազմազան ու մեծ թիվ են կազմել, որ օրենքով նախատեսված կարճ ժամկետները չեն բավարարել դրանք արձանագրելու և նույն օրը ներկայացնելու համար:

Դիմումում փաստարկված ներկայացվել է ընտրատեղամասում տիրող ապօրինությունների, պատկերավոր ասած այն “բեսպրեդելի” մասին, որոնք կարող էին էականորեն ազդել քվեարկության արդյունքների վրա: Ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացվել էին նաև տեսանյութեր, որտեղ պարզորոշ երևում է ընտրատեղամասում տիրող իրավիճակը:

Ապօրինություններն ու ընտրախախտումները կրել են շարունակական բնույթ և տևել քվեարկության ողջ ընթացքում, նշել են դիմումի հեղինակները: Ավելորդ է անգամ նշել, որ այս անհավասար պայքարը նվիրված է եղել ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Կարինե Պողոսյանին: Վերջինիս վստահված անձը` Հովիկ Աբրահամյանի բարեկամն ու Դիմիտրով գյուղի գյուղապետը “առաջին իսկ րոպեներից վեճեր և ծեծկռտուք էր փորձում սադրել ընտրական տեղամասում”:

Նրան աջակցողների թիվը մեծ է եղել. թեկնածուի չգրանցված բազմաթիվ վստահված անձինք, ովքեր սպառնալիքներով փորձել են ընտրատեղամասից վտարել մյուս թեկնածուների վստահված անձանց, ստեղծել են խառնաշփոթ ու անվերահսկելի իրավիճակ: Գյուղապետ-վստահված անձը ժամանակ առ ժամանակ նաև զանգեր էր կատարել և օգնող ջոկատներ հրավիրել տեղամաս:

Սակայն ամենաարտառոցը ԿԸՀ-ի կողմից տրված դիտորդի վկայականով հանդես եկող Ելենա Համբոյանի վարքագիծն է եղել, ով առանձնացել է “իր անպարկեշտ վարքով, բարձրաձայն աղաղակներով ու հարձակողական կեցվածքով”: Նրա հագին եղել է «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության վերնազգեստը, սակայն պարբերաբար ճչացել է «ես հանրապետական եմ» և որպես հանրապետական է ներկայացել նաև տեղամաս այցելած միջազգային դիտորդական խմբին:

ՀՀԿ-ի գյուղապետ-վստահված անձի կողմից ընտրական տեղամասում քվեարկության գործընթացը խաթարելու գործողությունների մասին կազմվել է արձանագրություն, որը ստորագրվել է ՀԱԿ-ի վստահված անձի և ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից:

Ընտրատարածքային հանձնաժողովի նիստը

Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հավանությանն արժանացած ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի համար բողոքների քննարկումը ընդամենը զվարճանքի պես մի բան էր: Օրենք, օրինականություն, հատկապես, վարչական վարույթ արտահայտությունները նրան պարզապես զվարճացնում էին, բայց երբ այդ արտահայտություններն ավելի հաճախ սկսեցին կրկնվել բողոք բերած վստահված անձանց կողմից, Ընտրական օրենսգրքի մասին պատկերացում չունեցող ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հարձակողական կեցվածք ընդունեց. “Ընկեր ջան, դու դատարանում չես”:

Նույն ագրեսիվ վիճակում էին նաև իրենց շեֆի պաշտպանությունը ստանձնած հանձնաժողովի անդամները: Մինչ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի թիվ 17/27 ընտրատեղամասի վերաբերյալ դիմումի քննարկումը, ընտրատարածքային հանձնաժողովականները լսեցին 17/11 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Քաջիկ Գրիգորյանի ներկայացրած բողոքը: Քանի որ վերջինս Արտաշատ քաղաքից էր և հանձնաժողովականները նրան ճանաչում էին, իրենց առավել արտոնյալ էին զգում: Նրանց բոլորովին չէր կաշկանդում ոչ այն, որ նիստ կոչվածը ձայնագրվում է, և ոչ էլ անգամ լրագրողի ներկայությունը:

Նախ ՀԱԿ վստահված անձին թույլ չէին տալիս խոսել, ներկայացնել բողոքը, իսկ երբ խոսում էր՝ արժանանում էր վիրավորական խոսքերի, հիմար, կաշառակեր, ողորմելի, հնչում էին նաև սպառնալիքներ: Բնականաբար դիմումը մերժեցին և Քաջիկ Գրիգորյանին ճամփու դրեցին:

Ամբողջ ընթացքում Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը չէր մոռանում ներկայանալ ընտրական գործընթացներում որպես իշխանություններին ծառայություններ մատուցած անձ` հասկացնելով, որ իր դեմ խաղ չկա և իզուր է այստեղ ժամանակ վատնելը: Իր պահվածքով առավել աչքի էր ընկնում իրավաբան Լիլիթ Թադևոսյանը, ով ոչ թե դիմումում բերված փաստացի տվյալներն էր ուսումնասիրում, այլ ամեն գնով արդարացնում էր շեֆին:

“Բա որ էդպիսի վիճակ էր, ինչու հանձնաժողովի նախագահին չէիք տեղեկացնում, որ գար կարգավորեր”,- հարցնում էր շեֆի իրավաբանը:

Դիմումի հեղինակներն,իհարկե, ահազանգեր հնչեցրել էին ինչպես թեժ գծին, օմբուդսմենի գրասենյակին, այնպես էլ միջազգային դիտորդական խմբերին: Իսկ թե ինչպես է հարցերը կարգավորում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը, մեզ արդեն պատմել էին թիվ 17/10 ընտրատեղամասի ականատեսները. նախ, ոստիկաններին հանձնարարական է տվել տեղամասից դուրս շպրտել ՀԱԿ վստահված անձին, ապա ոստիկաններին կարգադրել է հեռանալ տեղամասից: Վերջիններս անխոս ենթարկվել են:

“Ոստիկանները շատ թույլ էին”, պարբերաբար կրկնում էր ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը` ընդգծելով իր առավելությունը նաև ոստիկանների նկատմամբ: Այսպիսի բողոքներ նրա ձեռքի տակով շատ են անցել, և որևէ անգամ պարտություն չի արձանագրել:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նշանակվում է ԿԸՀ նախագահի կողմից, տվյալ դեպքում Տիգրան Մուկուչյանի: Զուտ վիզուալ տպավորությամբ, թվում է, թե այս անձը չի կարող կապ ունենալ ինտիլիգենտի կեցվածքով ԿԸՀ նախագահի հետ: Բայց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը ԿԸՀ-ին փոխանցում է կեղծված տվյալները, իսկ ԿԸՀ-ն ի դեմս Տիգրան Մուկուչյանի հայտարարում է թափանցիկ ընտրությունների մասին:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013