Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղակայված երկու ընտրատեղամասեր վերահսկել է Արարատի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, հանրապետական Գեղանուշ Ավետիսյանը, ով և իրավիճակի թելադրողն է եղել: Այս տեղամասերում իրավիճակը ծայրահեղ լարված է եղել:
Թիվ 17/11 տեղամասի ՀԱԿ վստահված անձ Քաջիկ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես է տիկին Գեղանուշը պարբերաբար ներխուժել ընրատեղամաս և ոստիկաններին կարգադրել իր ձեռքերը ոլորել ու տանել: Ոստիկանները ենթարկվել են տիկնոջը և վստահված անձին պարբերաբար ընտրատեղամասից հանել և տևական ժամանակ փակել են ոստիկանների համար նախատեսված սենյակում, այդ ընթացքում մարզպետարանի առողջապահության վարչության պետը հասցրել է ապահովել չգրանցված անձանց քվեարկությունը:
“Ընտրության ամբողջ օրն անցել է ծայրահեղ լարված վիճակում: Ծայրաստիճանի լարված էին իմ, հանձնաժողովի և նրանց վերադաս մարմինների` մարզպետարանի գլխավոր մասնագետների ու վարչության պետերի միջև հարաբերությունները”, պատմում է Քաջիկ Գրիգորյանը, ով ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրել է թվով 12 բողոք ընտրությունների օրը տեղ գտած խախտումների վերաբերյալ:
Մարզպետարանի առողջապահության վարչության պետ, հանրապետական Գեղանուշ Ավետիսյանը Արտաշատում բավական հայտնի է, հատկապես ընտրական գործընթացներից: “Նա այն մարդկանցից է, ում մասին ասում են против лома нет приема, ինքը այստեղի լոմն ա”, պատմում էր Արտաշատի բնակիչներից մի կին:
Թիվ 17/10 ընտրատեղամասի ՀԱԿ վստահված անձ Հենրիկ Ավագյանը պատմում էր, թե ինչպես էր Գեղանուշ Ավետիսյանը ներխուժում ընտրատեղամաս և մարդկանց տանում արտահերթ քվեարկության:
“Նա նույնիսկ թույլ չէր տալիս նայել անձնագրերն ու ճշտել հասցեները, սպառնում էր ոստիկաններին, թե պատասխան եք տալու, ոստիկանները ենթարկվում էին Գեղանուշին: 202 01 պետհամարանիշի մեքենան կանգնացրել էր ընտրատեղամասի դռան առջև` փող էր բաժանում, հետո ֆլոմաստերը տալիս էր ձեռքները ու ներս ուղարկում”, -պատմում է վստահված անձը:
Դաշնակցության և ՀԱԿ վստահված անձինք չեն կարողացել կանխել այս իրավիճակը: Լարված իրավիճակը կարգավորելու համար ընտրատեղամաս է ժամանել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը, ով նախ ոստիկաններին հանձնարարական է տվել տեղամասից դուրս շպրտել ՀԱԿ վստահված անձ Քաջիկ Գրիգորյանին, ապա ոստիկաններին կարգադրել է հեռանալ տեղամասից:
“Արմեն Մարգարյանի հովանավոր-պապան Հովիկ Աբրահամյանն է, ով և նրան գազալցակայանի տեր է դարձրել, ոստիկանները չէին կարող չլսել նրան, սուսուփուս հեռանում էին ու փակվում իրենց սենյակում”, իրավիճակը ներկայացնում էր Հենրիկ Ավագյանը:
