«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից խոշոր գումար գողանալու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը 2 տարուց ավելի կալանավորված են, թեեւ նրանց վերաբերյալ չկա դատական վճիռ: Մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է այս գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատավոր Մխիթար Պապոյանը պետք է հրապարակի որոշում` Քերոբյանի դատապաշտպանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ:
Դատապաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է անհապաղ ազատ արձակել Վահրամ Քերոբյանին` փոխելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Փաստաբանն իր միջնորդության մեջ նշել է, որ Վահրամն անազատության մեջ է գտնվում ապօրինի, առանց օրենքով սահմանված հիմքերի, եւ նրան կալանքի տակ պահելու համար առկա չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած:
«Վահրամ Քերոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքի գողություն կատարելու մեջ: Մինչդեռ քրեական գործով ձեռք բերված, այժմ արդեն դատարանում հետազոտված ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս չի կատարել հիշյալ հանցագործությունը: Ամենևին պատահական չէ, որ Վահրամ Քերոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին կայացված որոշումներում դատարանները բառ անգամ չեն նշել Վ.Քերոբյանի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի առնչությամբ»,- նշված է միջնորդության մեջ:
Նշենք, որ Վահրամ Քերոբյանի մեղավորությունն ապացուցող միակ փաստը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է եղել, որը, ինչպես հետագայում հայտարարել է Ստեփանյանը, իրենից կորզել են ծեծի եւ սպառնալիքների միջոցով:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 30.08.2007թ. կայացված նախադեպային որոշման մեջ նշել է. «Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը»:
«Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով ողջ նյութերում գոյություն չունի որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել այն մասին, թե ազատության մեջ լինելու պարագայում Վ.Քերոբյանը կարող է որևէ գործողություն ձեռնարկել գործի քննությանը խոչընդոտելու, քննությունից թաքնվելու, առավել ևս հանցավոր արարք կատարելու ուղղությամբ»,- դատարանում հայտարարեց դատապաշտպանը:
Նա նշեց, որ Քերոբյանին կալանքի վերցնելու մասին որոշումներում գոյություն չունի հղում գործում առկա որևէ ապացույցի, փաստաթղթի վրա, որով հնարավոր կլիներ պատճառաբանել, հիմնավորել Վ.Քերոբյանին անազատության մեջ պահելու հանգամանքը: Հիշատակված որոշումները կայացնելիս, դատարանները փորձել են դրանք հիմնավորել բացառապես Վ.Քերոբյանին վերագրվող արարքի ծանրության աստիճանով: Լուսինե Սահակյանը փաստեց, որ եվրոպական դատարանն անթույլատրելի է համարում նման մոտեցումը, որը հաստատվել է մի շարք նախադեպային որոշումներով:
«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վ.Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում հայտարարված է եղել հետախուզում, ապա նախ նշենք, որ հիշյալ գործընթացի ակնհայտ ապօրինի բնույթն արդեն սույն դատական քննության ընթացքում հանգամանալի ներկայացվել է պաշտպանության կողմից…Ակնհայտ է, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից Վ.Քերոբյանի գտնվելու վայրը պարզելու անկարողությունը չի կարող վկայել վերջինիս կողմից քննությունից թաքնվելու մասին և առավել ևս հիմք հանդիսանալ նրան անազատության մեջ պահելու համար»,- ասաց պաշտպանը:
Լուսինե Սահակյանն ընդգծեծ, որ եթե անգամ քննության որևէ փուլում առկա լիներ Վահրամ Քերոբյանին անազատության մեջ պահելու համար օրենքով սահմանված որևէ հիմք, ապա այսօր, երբ Վահրամն անազատության մեջ է շուրջ 2 տարի 2 ամիս, ակնհայտ է, որ այդ նույն հանգամանքը չէր կարող բավարար լինել Վ.Քերոբյանին անազատության մեջ պահելն արդարացնելու համար: «Մինչդատական կալանքի տակ գտնվելու ընթացքին զուգահեռ, ժամանակի ընթացքում նվազում են անձի կողմից քննությունից թաքնվելու, դրա ընթացքին խոչընդոտելու հնարավոր ռիսկերը, եթե անգամ սկզբնական փուլում դրանք առկա եղած լինեն»:
Թեեւ փաստաբանը մի շարք այլ հանգամանքներ ու փաստարկներ էր ներկայացրել իր միջնորդությունը հիմնավորելու համար, սույն գործով մեղադրող դատախազն այն կարծիքը հայտնեց, թե միջնորդությունը պետք է մերժվի` հիմնավոր չլինելու պատճառով: Դատարանի որոշումը պարզ կլինի մայիսի 10-ին` ժամը 9:00-ին:
«Մենք չենք ակնկալում, որ այս դատարանը կարող է արդարացի որոշում կայացնել եւ ազատ արձակել Քերոբյանին, պարզապես մենք այս միջնորդությունները ներկայացնում ենք հետագայում Եվրոպական դատարան դիմելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Պատասխանելով մեր հարցին` նա նշեց, որ գործը քննող դատավորն արդեն իսկ կաշկանդված է, քանի որ մեղադրյալին ապօրինաբար կալանքի տակ է պահել 2 տարուց ավելի եւ վերջնական որոշում կայացնելիս այլեւս չի կարող օբյեկտիվ լինել եւ ազատ արձակել տղաներին:
