Երեւանի քաղաքապետարանը, բացի հակասահմանադրական որոշումներից, որոնցով հանրային պուրակը վերածվում էր առեւտրային տարածքի, նաեւ կայացնում է մեղմ ասած անտնտեսվար որոշումներ, մսխելով քաղաքային բյուջեի փողերը:
Օրինակը հենց հանրային պուրակի հետ կապված իրողությունն է: Քաղաքապետարանը, ապամոնտաժելով բուտիկները Աբովյան փողոցից, դրանք մոնտաժեց Մաշտոցի պուրակում: Հետո, ամիսներ անց, եկավ Սերժ Սարգսյանն ու նախընտրական քարոզչության շրջանակում չհավանեց բուտիկները եւ ցուցում տվեց ապամոնտաժել դրանք: Փաստորեն, քաղաքապետարանի մոնտաժման փողը դարձավ ջուրն ընկած, անիմաստ ծախս:
Միեւնույն ժամանակ, անիմաստ ու ջուրն ընկած ծախս է նաեւ բուտիկների ապամոնտաժման փողը: Եվ ահա թե ինչու: Մի քանի շաբաթ առաջ քաղաքացիական դատարանը, որ կազմել էին Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստ քաղաքացիները, որոշում էր կայացրել, որ կրպակները պետք է ապամոնտաժվեն: Մի խումբ քաղաքացիներ, ձեւավորեցին ապամոնտաժող բրիգադ, որով ձեռնամուխ եղան քաղաքացիական դատարանի որոշման կատարմանը եւ պուրակում սահմանադրական կարգի հաստատմանը, քանի որ համապատասխան իշխանական կառույցները չէին կատարում իրենց օրինական պարտականությունը:
Ապամոնտաժող բրիգադները, որ իրենց հանդերձանքի համար ստացան նաեւ “դեղին սաղավարտներ” անվանումը, աստիճանաբար ավելացան եւ հասան մոտ ութ տասնյակի:
Այդ մարդիկ ոստիկանությանը պատշաճորեն, օրենքի սահմանում տեղեկացնում էին իրենց սահմանադրական իրավունքի իրացման մասին, մանրակրկիտ նշելով նաեւ, թե ինչ գործիքների օգնությամբ են պատրաստվում ապամոնտաժել անօրինական կառույցները:
Բայց, ոստիկանությունը, հսկելով անօրինական ճանապարհով պուրակում հաստատված բուտիկները, թույլ չէր տալիս այդ մարդկանց ապամոնտաժել տաղավարները:
Ներկայում, տաղավարներն ապամոնտաժում է քաղաքապետարանը՝ Սերժ Սարգսյանի ասելով: Այսինքն, քաղաքապետարանն անիմաստ փող ծախսելուց եւ տաղավարները պուրակում անիմաստ տեղադրելուց հետո, այժմ էլ փաստացի անիմաստ փող է ծախսում դրանք ապամոնտաժելիս: Ինչու անիմաստ: Որովհետեւ “դեղին սաղավարտավոր քաղաքացիները” հանձն էին առել քաղաքացիական եւ սահմանադրական իրավունքի շրջանակում ապամոնտաժել ապօրինությունը: Այդպիսով, քաղաքային բյուջեն թերեւս խնայողություն կաներ եւ այժմ ապամոնտաժումը հարկ չէր լինի իրականացնել քաղաքային բյուջեի, այսինքն երեւանցիների հարկերի հաշվին:
Այլապես ստացվում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի այդպես էլ ոչ մի օրինական ապացույց չստացած որոշումների համար վճարում են երեւանցիները, այն էլ սոցիալ-տնտեսական սուղ պայմաններում:
Հետեւաբար, փաստացի գործ ունենք քաղաքապետարանի ոչ միայն հակասահմանադրական որոշումների, այլ փաստացի նաեւ հարկատուների միջոցների անհաշվենկատ ծախսի կամ էլ պարզապես փողի գիտակցված յուրացման հետ, որովհետեւ թերեւս հետաքրքիր կլինի պարզել, թե քաղաքապետարանը ինչքան է հաշվել բուտիկների մոնտաժման եւ հետո ապամոնտաժման ինքնարժեքը:
Ընդ որում, եթե քաղաքապետարանը պատրաստվում է բուտիկներն ապամոնտաժելուց հետո պուրակում սահմանադրականության հարցը համարել փակված, ապա այստեղ էլ իհարկե մեկ այլ կարգի անհաշվենկատություն է: Բանն այն է, որ պուրակի ակտիվսիտները արդեն իսկ հստակ հայտարարել են, որ հետամուտ են լինելու խնդրի օրինականության եւ սահմանադրականության հարցում իրականության բացահայտմանը մինչեւ վերջ:
Հետեւաբար, քաղաքապետարանը մոտ ապագայում թերեւս ստիպված կլինի ոչ միայն պատասխան տալ հակասահմանադրական որոշումների համար, այլ թերեւս քաղաքացիներին պատասխան տալ նաեւ, թե կոնկրետ ինչ է արժեցել այդ հակասահմանադրականությունը երեւանցու համար:
