Երևանում նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած անձինք դիմել են ՀՀԿ-ին` պահանջելով. «Բարի եղեք ձեր կուսակցությունում ժողով արեք, ձեր շարքերում առկա գողերից ազատվեք, որպեսզի երկրի մթնոլորտը փոխվի»:
Բնակիչները մեզ տեղեկացրին, որ կուսկացությունում հանդիպում են խնդրել, սակայն միայն ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն է հանդիպել ու լսել նրանց խնդիրները: «ՀՀԿ-ի տղամարդկանց դուխը չհերիքեց, որ գային ու լսեին մեզ»,- ասացին նրանք:
Խաբված բնակիչների շահերը ներկայացնող Սոնիկ Մաղաքյանը նշեց, որ Կարինե Աճեմյանից պահանջել են իրենց խնդրի մասին մանրամասն տեղյակ պահել հանրապետության նախագահին: ՀՀԿ-ից խոստացել են բնակիչներին պատասխանել մայիսի 3-ին:
«Եթե մեզ բավարարող պատասխան չտան, ՀՀԿ գրասենյակի աստիճանների վրա ահավոր մեծ միտինգ ենք անելու, նստացույց ենք անելու: ՀՀԿ-ն ամեն ինչի ընդունակ ա, բայց մենք թույլ չենք տա, որ Նժդեհի անվան տակ հանդես եկող ուժը ռեկետ անի, պախարակի Նժդեհի անունը, մենք ուժեղ կաղմկենք: Նժդեհի անունով առաջնորդվող կուսակցությունը սրբապղծություն պիտի չանի»,- ասաց Սոնիկ Մաղաքյանը:
Բնակիչները նաև սպառնում են, որ պատասխան չստանալու դեպքում պաստառներով գնալու են Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի վերջին նախընտրական հանդիպմանն ու «միկրոֆոններով ելույթ ենք ունենալու»:
