«Էս մեկին էլ սենց են սպանում»

    • Իրավունք - Չորեքշաբթի, 02 Մայիսի 2012, 09:49

Երբ Մատաղիսի գործով դատաքննության ժամանակ հացադուլի մեջ գտնվող մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանը դատարանի դահլիճում ուշագնաց եղավ, և փաստաբանը միջնորդեց շտապ օգնություն կանչել, զինվորական դատախազության ներկայացուցիչը` տիկին մեղադրող Անահիտ Եղիազարյանը մերժեց փաստաբանի կողմից արված բուժօգնություն ցույց տալու միջնորդությունը և դատարանից պահանջեց շարունակել հարցաքննությունը:

Չի բացառվում, որ նման մի տեսարանի ականատեսը դառնանք նաև վաղը Կապանի դատարանում, որտեղ սկսվում է ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանի գործով դատական առաջին նիստը: Թե ինչպես է 26 օր հացադուլի մեջ գտնվող զինծառայողը դատարան ներկայանալու` հայտնի է միայն զինվորական դատախազությանը, որը հաստատել է մեղադրանքը և դատարանում պաշտպանելու է այն:

Փետրվարի 22-ից կալանքի տակ գտնվող զիյնվորը մեղադրվում է Քր.օրի 361 հոդվածի 4-րդ մասով (զորամասը լքելը): Երբ դատարանը որոշում էր նրան կալանքի տակ վերցնելու հարցը, զինծառայողը հայտարարել է, որ ինքը զինծառայությունից չի հրաժարվում, խնդրում է իրեն բժշկական հետազոտության ենթարկել և բուժել. «Ես ի վիճակի չեմ այս առողջությամբ ծառայել», հայտարարել է Սուրենը: 

Սուրեն Կիրակոսյանը զորամասը լքելու լուրջ պատճառներ է ունեցել: Նրան բանակ են զորակոչել արդեն հիվանդ վիճակում, իսկ զորամասում հիվանդությունը խորացել ու բարդացել է ընդհուպ մինչև վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը, սակայն վիրաբույժը զգուշացրել է զինվորին, որ վիրահատության դեպքում նրա կյանքը հիսուն-հիսուն է և մեկ ամսից միայն պարզ կլինի` ուռուցքը չարորակ է, թե բարորակ:

Եվ ահա հոգեբանական այս վիճակում զինծառայողի մոտ հայտնաբերվել են նաև այլ հիվանդություններ, և նա չի վերադարձել զորամաս, որտեղ շուրջ մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ բուժում չի ստացել:

Գորիսի ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող զինվորի առողջական վիճակի մասին միակ տեղեկությունը մայրը ստացել է ապրիլի 18-ին` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Գորիսի բանտ այցելելուց հետո, ում վկայությամբ, զինծառայողի վիճակը մխիթարական չէր: Հացադուլ հայտարարած զինվորի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալը անհնար է ոչ թե այն պատճառով, որ զինվորական իրավապահները զլանում են հայտնել, այլ այն պատճառով, որ չգիտեն:

Սովորական անտարբերություն շարքային զինծառայողի և նրա առողջության նկատմամբ: Միայն այս տարի նման անտարբերության արդյունքում մի քանի մահվան դեպքեր են գրանցվել:

Հսկող դատախազ Տիգրան Սարգսյանն օրինակ մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ իրեն հայտնի չեն զինծառայողի հիվանդությունները հաստատող փաստեր, բայց, երբ ասացինք, որ մեր ձեռքի տակ այդ հիվանդությունները հաստատող փաստաթղթեր կան, ասաց, որ ինքը էմոցիաներով չի առաջնորդվում, քանի որ այդ դեպքում մեր երկիրը տանուլ կտա, և զինվորը, պարտադիր, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի:

Դատական նիստի նշանակման մասին մենք տեղեկացանք պատահաբար և պարզեցինք, որ այդ մասին ծանուցում չեն ստացել անգամ Սուրեն Կիրակոսյանի հարազատները: Որդու առողջական վիճակի մասին տեղեկատվության իսպառ բացակայության պատճառով մայրը` Զվարթ Կիրակոսյանը հայտնվել է անօգնական վիճակում:

Մայրը ընդունելություն է խնդրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, սակայն վերջինս մերժել է նրան ընդունել: Նախընտրական խառը օրեր են, զինվորների մահվան դեպքերը շարունակվում են, և սա չէ այս օրերի էական հարցը: Զինվորները, կյանքից զրկվելով, ՊՆ-ի համար վիճակագրություն են դառնում և մեկ զինվորի մահով ավել, թե պակաս` ոչինչ չի փոխվում:

“Էս մեկին էլ սենց են սպանում”, ասում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները:

Այսօր զինվորի մորը կանչել են զինվորական դատախազություն, հավանաբար բացատրելու, որ տանուլ տված երկրի համար պատասխանատուն հենց նրա որդին է:

Լուսանկարում` Սուրեն Կիրակոսյանի մայրը

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013