Ոստիկանությունը վարույթ է հարուցել Վանաձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

    • Իրավունք - Երկուշաբթի, 30 Ապրիլի 2012, 13:30

ՀՀ ոստիկանության հայտարարությունը

2012 թ. ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և այդ ընթացքում արձանագրված միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար որպես տարածք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տրամադրելու դեմ նախաձեռնվել է բողոքի հավաք, որի մասնակիցները պահանջել են Վանաձոր քաղաքում նման փառատոն չանցկացնել, ինչպես և կոչ է արվել անշարժ գույքի սեփականատերերին կամ այլ օրինական տիրապետողներին նման միջոցառման իրականացման համար տարածքներ չտրամադրել:

Սակայն հավաքի առանձին մասնակիցներ, չարաշահելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու իրենց իրավունքը, փորձել են սեփական ուժերով իրացնել իրենց ենթադրյալ իրավունքները կամ հասնել ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործմանը, այդ թվում՝ կատարել են այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ այնպիսի հարկադրական գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ:

Դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ հավաքի անցկացման վայրում եղել են ոստիկանության սակավաթիվ ուժեր, որոնք չեն միջամտել կատարվող ոչ իրավաչափ գործողություններին և չեն կարողացել կանխել դրանք:

Վերոշարադրյալ փաստերի կապակցությամբ և համապատասխան անձանց գործողություններին (անգործությանը) իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության շրջանակներում նախաձեռնվել է վարույթ, ինչպես և նշանակվել է ծառայողական քննություն:

Մասնավորապես, քրեական վարույթի ընթացքում վերցվել են բացատրություններ, նշանակվել է փորձաքննություն և կատարվել են այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:

Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել:

Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են իրավասու մարմնին՝ համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ հավաքի խաղաղ բնույթն ապահովելու, հավաքին բռնի կերպով խանգարելու փորձերին պատշաճ կերպով արձագանքելու, ինչպես և հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաների կողմից չեն տրամադրվել բավարար ոստիկականական ուժեր: Մասնավորապես, կիրառվելիք միջոցների մասին որոշում կայացնելիս հաշվի չեն առնվել հավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակը, հավաքի վայրի առանձնահատկությունները, ինչպես և միջոցառման բնույթն ու պատճառը: Արդյունքում՝ հավաքի վայրում ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրում գտնվող ոստիկանության փոքրաթիվ անձնակազմի առերևույթ անգործությանը, ապա վերը նկարագրված իրավիճակին բնորոշ պայմաններում այն գնահատվել է որպես իրավաչափ, քանզի տակտիկական նպատակահարմարությունից ելնելով, ըստ էության, ուղղված է եղել հնարավոր լարվածության և առճակատման, ինչպես և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:

ՀՀ ոստիկանությունն իր երախտագիտությունն է հայտնում վերը նշված իրավական գործընթացների իրականացմանն օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց ու կազմակերպություններին, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և այլոց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ չգնահատելով (մերժելու կամ ընդունելու ձևով) համապատասխան պահանջների հեղինակների կամ դրանց հասցեատերերի դիրքորոշումների իրավաչափությունը:

  1. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  2. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  3. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  4. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  5. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  6. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  7. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013
  8. Վարդան Սեդրակյանը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ՝ հայտարարում են ամբաստանյալները
    Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ:
    14:15 17/06/2013
  9. Մինչեւ ո՞ւր է ոստիկանության վերահսկողության սահմանը
    Օրերս «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց, որ իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Հայբիզնեսբանկի վարչության պետը:
    14:05 17/06/2013
  10. Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Հարսնաքարի ողբերգությունը
    Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցավ ողբերգական միջադեպը:
    12:49 17/06/2013