Ի պատասխան Բանակն իրականում քաղաքացիական նախաձեռնության հայտարարության

    • Իրավունք - Ուրբաթ, 27 Ապրիլի 2012, 17:03

Ապրիլի 14-ին հրապարակել էինք Բանակն իրականում քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը: Այս կապակցությամբ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը հետեւյալ պարզաբանումն է տվել.

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի քննարկումը թե խորհրդարանում, թե դրանից դուրս զուգորդվեց սրությամբ և հուզականությամբ աչքի ընկնող չափազանց տարաբնույթ և բազմերանգ քննադատությամբ, ինչպես նաև անընդհատ կրկնվող մղումներով` օրինագիծը փոխկապակցել մարտի մեկի հայտնի իրադարձությունների հետ:

Հարկ է հիշեցնել, որ օրենքն արդեն ընդունվել է երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ստորագրվել է Հանրապետության Նախագահի կողմից, հրապարակվել է սույն թվականի ապրիլի 25-ի ՀՀ պաշտոնական տեղեկագրում, որին կհաջորդի դրա ուժի մեջ մտնելը` հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն թվականի ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցավ 'Բանակն իրականում' քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած քննարկում օրենքի վերաբերյալ, որի արդյունքներով արվեց հիշյալ հայտարարությունը:

Հայտարարության բովանդակային վերլուծությունը փաստում է, որ քննարկումը նպատակ չի հետապնդել որևէ կերպ լսել և ընկալել հակառակ տեսակետներ և անցկացվել է սեփական` նախօրոք մշակված տեսակետներին արհեստական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այսպես, քննարկումներում բազում հարցադրումների պատասխաններ, որոնք ներկայացվել էին ՀՀ արդարադատության նախարարության` օրինագիծը հեղինակած կառույցի ներկայացուցչի կողմից, որևէ արտացոլում, թեկուզև ժխտողական միտումով, չեն գտել հայտարարության մեջ, մինչդեռ խոսքը այն մոտեցումների մասին է, որոնք արտացոլված են արդեն իսկ ընդունված օրենքում: Ակնհայտ է, որ տվյալ հայտարարությունը որևէ կերպ չի արտացոլում քննարկման իրական արդյունքները և արտահայտում է սոսկ տվյալ միջոցառման կազմակերպիչների և մի շարք մասնակիցների սուբյեկտիվ տեսակետները, անգամ եթե խոսքը թվային մեծամասնության կարծիքի մասին է: Գտնում ենք, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու հավակնություն ունեցող կառույցներին հարիր չէ այդ հասարակությանը ներկայացնել միայն սեփական տեսակետները, եթե խոսքը մի քննարկման մասին է, որին մասնակցել են նաև այլ, ընդ որում, հատկապես նաև ընդունված օրենքը հեղինակած կառույցի տեսակետները ներկայացնող անձինք: Նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ձգտում` նրա դյուրահավատ հատվածների հույզերի վրա ոչ պատշաճ և ոչ ազնիվ մեթոդներով ներազդելու միջոցով: Այս փորձերը, ինչպես հատուկ է տվյալ 'սպեկտրի' ՀԿ-ների առանձին ներկայացուցիչների քաղաքակրթական և մշակութային մակարդակին, ուղեկցվում են սոսկ իրենց հարիր արտահայտություններով, որոնք անգամ ամենալուրջ մտահոգությունը` անկախ դրա իրական կամ կարծեցյալ հիմքերից, ունակ են նենգափոխել և վերածել ինքնածաղրանքի` հանրության այն հատվածների աչքերում, որոնք չեն բավարարվի նման 'վերլուծականներով' և ջանք կգործադրեն ինքնուրույն կարծիք ձևավորել այս կարևորագույն օրենքի վերաբերյալ: Հենց նրանց էլ ուղղված են ստորև բերվող փաստարկները:

Հայտարարության հիմնական պնդումն օրենքում զինված ուժերի կիրառման հակասահմանադրական լինելն է, որը հիմնավորելու նպատակով վկայակոչվում են Սահմանադրության մի շարք հոդվածներ, մոռանալով ցիտել ամենակարևոր դրույթը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որը` առանց դրա բովանդակության բացահայտման, ուղղակի հիշատակվում է որպես զինված ուժերի կիրառումն իբրև թե արգելող դրույթ:

Այս առումով հարկ ենք համարում, ինչպես բազում ամբիոններից արդեն հնչեցրել ենք, ևս մեկ անգամ անդրադառնալ Սահմանադրության 5-րդ, 8.2-րդ հոդվածների և 55-րդ հոդվածի 14-րդ կետի վերլուծությանը:

Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որպես օրինականության սկզբունքի կարևոր բաղադրիչ, այս դրույթը պահանջում է ՀՀ իրավակարգում գերակայող իրավական ակտերով` Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանել հանրային իշխանության մարմինների լիազորությունները:

Այս համատեքստում նույն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետում ուղղակիորեն սահմանվում է Հանրապետության Նախագահի (սահմանադրական) լիազորությունը` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարել արտակարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին: Ի տարբերություն ռազմական դրության ժամանակ ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու և զինված ուժերի օգտագործման մասին որոշում ընդունելու` Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված դեպքերի, արտակարգ դրություն հայտարարելը, իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացումը և ուղերձով ժողովրդին դիմելը Նախագահի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություններ են: Այն, որ հայտարարությունում որևէ խոսք չկա 'իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացման' պարտադիր պահանջի մասին, զարմանալի չէ` այդ հայտարարության միակողմանի և ոչ մասնագիտական բնույթի համատեքստում: Ինչու և ինչպես է մոռացվել այս ձևակերպումը, որը, ըստ էության, սահմանադրական մակարդակով Հանրապետության Նախագահին պարտավորեցնում է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք համարժեք են ստեղծված իրավիճակին: Այն, որ ՀՀ զինված ուժերի կիրառումը կարող է լինել այդ միջոցառումներից մեկը, փաստվում է Սահմանադրության մեկ այլ` 8.2-րդ հոդվածի համարժեք վերլուծությամբ: Սահմանադրության այս հոդվածում, ի թիվս այլ հարցերի կարգավորման, սահմանվում են ՀՀ զինված ուժերի գործունեության սահմանադրական նպատակները, որոնց շրջանակների վերազանցումն անթույլատրելի է: Ըստ այդմ, զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Հարց է ծագում` եթե սահմանադիրն ուղղակիորեն և մանրամասն թվարկել է ՀՀ արտաքին անվտանգության բաղադրիչները` պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչ իմաստ ուներ շեշտելու նաև ՀՀ անվտանգությունը որպես ԶՈւ գործունեության նպատակ: Եթե հետևենք հայտարարության հեղինակների տրամաբանությանը, ապա սա կարող ենք դիտարկել որպես ավելորդ և անիմաստ կրկնություն, քանզի միայն երկրի արտաքին անվտանգության նկատառումներով է, որ ԶՈւ ներգրավումը թույլատրելի է: Իսկ ինչու է այդ դեպքում սահմանադիրը շեշտում ՀՀ անվտանգությունը, առանձնացնելով այն իր արտաքին բաղադրիչներից: Պարզ է, որ սահմանադիրը չէր կարող 'մոռանալ' անվտանգության այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ներքին անվտանգությունն է: Սա միանգամայն համահունչ է նաև Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությանը, որում խոսվում է պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ հանրային արտակարգ դրության մասին ('In time of war or other public emergency threatening the life of the nation…'): Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր առաջին` Լոուլեսն ընդդեմ Իռլանդիայի (Lawless./.IRL) գործով որոշման մեջ, խոսքն այնպիսի արտակարգ դրության մասին է, որը վերաբերում է ամբողջ բնակչությանը և սպառնում է կարգավորված հանրային կյանքին:

Ճիշտ այդ տրամաբանությամբ է, որ օրենքն ամրագրում է ԶՈւ օգտագործման հնարավորությունը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել կամ չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգությանը սպառնացող այնպիսի վտանգը, որը Սահմանադրությունն անվանում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ: Անմիջականորեն սպառնալը նշանակում է, որ իրադարձությունների անխափան զարգացման պարագայում այդ վտանգը վրա է հասնելու առավել մեծ հավանականությամբ և խարխլելու է սահմանադրական կարգը, հետևապես, պետության գոյության և կենսունակության հիմքերը:

Այս կապակցությամբ ցանկանում ենք շեշտել հետևյալը.

 

ա. այս օրենքն ուղղակիորեն միտված է պաշտպանելու Սահմանադրությունը և սահմանադրական կարգը, դրա բացակայությունը սահմանադրական կարգին սպառնացող վտանգների առաջացման դեպքում մեր Սահմանադրությունը կթողներ անպաշտպան, իսկ ցանկացած գործողություն, որը կձեռնարկվեր այն պաշտպանելու ուղղությամբ, կարող էր ապալեգիտիմացվել հենց միայն օրենքի բացակայության պատճառով: Հարկ է հիշեցնել, որ մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, բացի Սահմանադրության ընդհանուր դրույթներից, ամրագրված չէին կոնկրետ և հստակ ընթացակարգեր արտակարգ դրություն հայտարարելու, հիմնարար իրավունքների սահմանափակման, դրանց սահմանների առնչությամբ, մեծ հաշվով, կոնկրետացված չէին հանրության և պետության վարվեցողության շրջանակները.

բ. պարզ է, որ Սահմանադրությունն ինքն իր բնույթով էական մասով պարունակում է իր ինքնապաշտպանության մեխանիզմներն իր նորմերում, միևնույն ժամանակ առանց այդ նորմերի կոնկրետացման հաճախ դա ապահովելն անհնարին է, իսկ արտակարգ դրության պարագայում սահմանադիրն ինքն է պահանջում հատուկ օրենքի ընդունում, որը կամրագրի Սահմանադրության պաշտպանության կարգը.

գ. օրենքն ամրագրում է հիմնականում երկու բնույթի նորմեր` մի կողմից, ամրագրվում են բացառիկ իրավիճակներին արագ արձագանքելուն միտված պետության մարմինների կաշկանդված և հայեցողական լիազորությունները, դրանց իրականացման հստակ ընթացակարգը, մյուս կողմից, անգամ այդ իրավիճակներում պետության առջև դրվում են էական սահմաններ` կաշկանդելով նրա մարմինների ազատ գործելու հնարավորությունները:

Քանզի հենց պետության կարողությունների գործադրումն է առաջացրել բազմաթիվ հարցադրումներ, այս հարցին անդրադառնանք ավելի մանրամասն.

- պետությունը սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգներին պետք է կարողանա արձագանքել իր ամբողջ կարողություններով, այդ թվում զինված ուժերի գործադրմամբ, և դա բացառելը կլիներ կոպիտ ռազմավարական սխալ.

- զինված ուժերի ներգրավումը անհրաժեշտ է հատկապես տարերային աղետների, համաճարակների հետևանքով քաոսի, անկառավարելի իրավիճակների առաջացման, հատուկ պահպանության օբյեկտներն ահաբեկչական խմբերի հնարավոր հարձակումներից պահպանելու կամ, օրինակ, զինված բախումների իրական վտանգը կանխելու համար: Պարզից էլ պարզ է, որ նման գործողություններին ԶՈՒ ներգրավումը և թույլատրելի է, և անհրաժեշտ, քանի որ միայն այդ եղանակով կարելի է վերացնել սահմանադրական կարգի խաթարման վտանգը: Այդ նպատակով է, որ Սահմանադրության 8.2 հոդվածն ամրագրում է զինված ուժերի ներգրավման հնարավորությունը նաև անվտանգության նկատառումներով, իսկ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներն ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը.

- արտակարգ դրության հայտարարումը և հիմնարար իրավունքների սահմանափակումն օրենքը պայմանավորում է մի շարք նախապայմաններով, որոնց համակարգը ոչ միայն ունակ է կանխելու մարտի մեկի իրադարձությունների կրկնությունը, այլև ապահովելու պետության և հասարակության կանխատեսելի վարքագիծը արտակարգ դրության պայմաններում (գուցե հենց սրանից են սարսափում մեր ընդդիմախոսները, քանի որ նման հստակության պայմաններում դժվար է 'աննկատ' վերազանցել Սահմանադրության և օրենքի սահմանները, իսկ իշխանության բոլոր գործողությունները կանխավ որակել որպես ոչ լեգիտիմ):

Այսպես, արտակարգ դրությունը հայտարարվում է միայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, սակայն լոկալ կամ չեզոքացվող վտանգները բավարար չեն, անգամ եթե դրանք ունեն անմիջական բնույթ, որպեսզի հայտարարվի արտակարգ դրություն` դրանք պետք է լինեն այնպիսին, որպեսզի այլ հնարավորություն, քան արտակարգ դրության հայտարարումը, Հանրապետության Նախագահը չունենա:

Արտակարգ դրությունը հայտարարվում է հրապարակայնորեն` իր լուր բոլորի, Նախագահի ուղերձում պարզաբանվում են դրա հիմքերը, հրամանագիրն անհապաղ ուղարկվում է ԱԺ, իրավունքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ, որը քննարկում է տվյալ հարցը: ԱԺ-ն ամբողջ ծավալով պառլամենտական վերահսկողություն է իրականացնում Հանրապետության Նախագահի գործողությունների նկատմամբ և իրավասու է կամ ամբողջությամբ, կամ մասամբ վերացնելու արտակարգ դրությանն ուղղված միջոցառումները, ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական դրդապատճառներով` իր քաղաքական պատասխանատվությամբ: Իրավիճակից թելադրվող միջոցառումների ցանկը սպառիչ տրված է օրենքում: Միթե պարզ չէ, որ սա էական առաջընթաց է այն կարգի համեմատ, երբ որևէ սահմանափակում այս ցանկի մասով Սահմանադրությունը չի նախատեսում, բացի իր ընդհանուր դրույթներից:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Նախագահի հրամանագրի բովանդակությունը նույնպես սպառիչ սահմանվում է օրենքում, սահմանվում է նաև արտակարգ դրության գործողության ժամկետ, որը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, եթե չեն վերացել արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները:

Սակայն ամենակարևորն այն է, որ օրենքն ուղղակի և հստակ սահմաններ է դնում այդ միջոցառումների և սահմանափակումների համար: Այսպես, երաշխավորվում է Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, մյուս դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի անխափան գործունեությունը, ամրագրվում է ԶՈՒ կիրառման սուբսիդիարության սկզբունքը, իսկ դրանք կիրառելու իրավական հենքը բացառապես ոստիկանության համար գործող կանոններն են:

Ինչ վերաբերում է ուժի կիրառմանն ընդհանրապես, ապա այն պայմանավորվում է համաչափության հիմնարար (սահմանադրական) սկզբունքով, որն ուղղակիորեն բացառում է, ցանկանում ենք սա շեշտել արդեն տասներորդ անգամ, ուժի անհամաչափ կիրառումը հանրային իշխանության` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ներգրավված բոլոր ուժերի` ոստիկանության, ազգային անվտանգության և, իհարկե, զինված ուժերի կողմից: Վերջիններս պետք է անցնեն հատուկ պատրաստություն` ոստիկանության կողմից սովորաբար կիրառվելիք հմտությունների և մեթոդների վերաբերյալ: Սա ուղղակիորեն նշանակում է նաև, որ, օրինակ, արտակարգ դրության ժամանակ անցկացվող խաղաղ, առանց զենքի հավաքների սահմանափակման նպատակով ԶՈւ ուժերի կիրառումը բացառվում է, քանզի դա անհրաժեշտության դեպքում կարող է լիովին ապահովվել ոստիկանության ուժերով և, բացի այդ, համարժեք չի լինի ստեղծված իրավիճակին և հետապնդվող նպատակին:

Որևէ սահմանափակման ենթակա չէ արդյունավետ իրավական միջոցներով պաշտպանվելու, այդ թվում դատարան դիմելու իրավունքը:

Նկարագրված դրույթները կազմում են ամբողջական համակարգ, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգը` ոչ ի վնաս մարդու իրավունքների, և ոչ էլ ի վնաս պետության կառավարելիության: Այս համակարգի առկայությունը և դրա պատշաճ գործարկումը թույլ չի տա մարտի մեկի իրադարձությունների կրկնություն և ունակ է ապահովելու, եթե երբևէ հայտարարվի արտակարգ դրություն և առաջանա ուժի կիրառման անհրաժեշտություն, այն կիրառելու համաչափությունը: Ավելին, ուժի կիրառման կոնկրետ և հստակ սահմանների առկայությամբ այն անձինք, ում իրավունքները հնարավոր է, որ խախտվել են, կարող են դիմել դատարան, որն այլևս վերստուգելի կոնկրետ չափանիշների հիման վրա կարող է գնահատել այդ խախտումների հարցը:

Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, որում Վենետիկյան հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացվում է որպես բացասական, ապա հարկ է նշել, որ, նախ, միջազգային իրավունքը, հատկապես, Եվրախորհրդի իրավունքը, հստակ տարանջատում է պատերազմն ու այլ, պատերազմով չպայմանավորված արտակարգ դրությունը: Այս մասով ճիշտ կլինի, որպեսզի հայտարարության հեղինակներն ավելի մանրամասն ծանոթանան թե ՄԻԵԴ որոշումների, թե նաև Վենետիկյան հանձնաժողովի եզրակացության հետ:

Այսպես, այդ եզրակացությունում Վենետիկյան հանձնաժողովը ԶՈւ կիրառմանն անդրադառնում է անուղղակի` վկայակոչելով իր ուսումնասիրությունը` Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողության մասին (CDL-AD (2008)004, http://www.venice.coe.int/docs/2008/CDL-AD%202008%29004-e.asp, 244-253-րդ կետեր): Յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ այս ուսումնասիրությունը կատարած հաստատությունում ունակ էին ռազմական և արտակարգ դրությունները զանազանել, ինչպես նաև ավելի քան ունակ էին հայտնաբերել ՄԻԵԿ, այսինքն, միջազգային իրավունքին հակասող դրույթներ, մինչդեռ որևէ քննադատական տող կամ նույնիսկ բառ ԶՈւ կիրառմանը վերաբերող օրենսդրական կարգավորումների մասին եզրակացության մեջ առկա չէ:

Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը, հակառակ հայտարարության հեղինակների անհիմն պնդումների, հետևյալն է.

-օրենքի նախագիծը ներառում է մի շարք դրական տարրեր, որոնցից հարկ է նշել, մասնավորապես, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքները մշտապես պահպանելու մասին դրույթը` ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան (կետ 45),

-օրենքի նախագծում պահպանվում է նաև այն հիմնական սկզբունքը, ըստ որի Խորհրդարանը կարող է չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը (կետ 46):

Այս եզրակացության մի շարք այլ կետերում ողջունելի են գնահատվում նաև օրինագծի այլ դրույթներ: Ինչ վերաբերում է հանձնաժողովի բովանդակային առաջարկություններին (ոչ թե առաջարկվող ձևակերպումներին), ապա գրեթե բոլոր նման առաջարկներն ընդունվել են: Այսպես, եզրահանգումներում արված առաջարկները դատարանի մատչելիության իրավունքն ընդգծելու, ինչպես նաև կուսակցությունների վերաբերյալ ամբողջովին ընդունվել են: Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա ՀՀ օրենքի ձևակերպումները պետք է համապատասխանեն Հայաստանի սահմանադրական իրավունքի տերմինաբանական կանոններին, այլ ոչ թե Կոնվենցիայի, հետևաբար, նման առաջարկությունները չէին կարող ընդունվել: Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստում քննարկումների ժամանակ որպես 'տեխնիկական' կամ 'խմբագրական' որակված այս առաջարկություններն ամենևին չէին կարող հիմք տալ մեր ընդդիմախոսներին պնդել բացասական եզրակացության հանգամանքը:

Մեկ հանգամանք ևս` նման հեղհեղուկ և ոչ մասնագիտական, իսկ քաղաքական առումով նաև պարզունակ դատողությունները, որոնք առկա են հայտարարության մեջ, որևէ կերպ չէին կարող հիմք ծառայել այնքան հեռու գնացող կոչերի համար, ինչպիսիք են զինծառայողներին ուղղված անհնազանդության կոչերը, որոնք ՀՀ քրեական իրավունքում կարող են որակվել ոչ այլ կերպ, քան դրդում հանցագործություն կատարելուն: Մի՞թե չեն հասկանում, թե ինչ են անում: Սրա՞նք են բանակի համար մտահոգվածները:

Վստահ ենք, որ մեր հանրությունը բավարար ներուժ ունի, որպեսզի ինքնուրույն հետևությունների հանգի օրենքի վերաբերյալ` դրա հետ հանգամանորեն ծանոթանալու պարագայում: Կոչ ենք անում մեր հանրությանը թույլ չտալ, որպեսզի նման կարևոր հարցերում իր կարծիքը ձևավորեն տարաբնույթ ինքնակոչ միջնորդներ:

Գրիգոր Մուրադյան, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013