'...Որ նկարահանես, ամուսինս աշխատում ա կհեռացնեն աշխատանքից , գյուղացիք մենակ էտ ա իրանց պրոբլեմը, որ չեն կարողանում խոսան, բայց արդեն հասել ա կոկորդներիս...'
Թեղուտցի տիկինը վախեցած տեսախցիկին էր նայում , ու պատմում իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք համբերությունից դուրս են եկել, այլևս դիմանալ չեն կարող: Ծեծկռտուքը պատճառ հանդիսացավ, որ մտքերի պոռթկում տեղի ունենա: Նախավերջին այցելության ժամանակ բնապահպաններին դիմավորեցին կեծ թեղուտցիները, մարդիկ, ովքեր չեն ապրում Թեղուտում, բայց ներկայացել էին տեղի բնակիչ:
Այսօր վերջապես իրական թեղուտցին խոսում է, նա բարձրաձայնում է իր ստրուկ լինելու մասին: Այն մասին, որ ինքը մի վանդակի մեջ է հայտնվել, որտեղից ելքը չի գտնում:
Գյուղացու ձեռքից խլել են հողերը, կտրել են անտառը, որտեղից մոշ էր հավաքում, սունկ վաճառել չեն կարող, պատճառաբանում են` Վրաստանի սահմանը փակ է: Իսկ այսօրվա նրա վաստակած գումարը հանքում 60 հազարական դրամի սահմաներում է: Բարձր աշխատավարձներով աշխատատեղերը իրենց համար չեն: Դե, ինչպես միշտ ծանոթ-բարեկամ-խնամի կապերն ավելի ուժեղ են մեր երկրում, քան այն քաղաքացու իրավունքը և գիտակցությունը, որ այսօր ստիպել է թեղուտցուն բարձրաձայնել հենց այս խնդրի մասին: Մի երկիր, որը ապրում է գողական բարքերով, որի տիպիկ ապացույցն է Թեղուտի ծեծն ու ջարդը, դեռ պետք է երկար անցնի այն ճանապարհը, որտեղով կերտվում է ինքնորոշված, պահանջատեր հասարակությունը: Երբ խոսում ես իրեն հասցված վնասների մասին, կամ սպասվելիք արհավիրքի մասին, նա չի հավատում , որ իր գյուղը կարող է այլևս չլինել, որ իր երեխան կորղ է վաղը հիվանդանալ, որ իր արմատները կամաց- կամաց կտրվում են հողից, իսկ նա դա դեռ չի զգում: Այս անգամ մեզ հաջողվեց հանդիպել իսկական թեղուտցուն, ով վերջապես ուղղում էիր մեջքը ու պահանջում արժանավայել կյանք և իր իրավունքերի պաշտպանություն:
