Կապացուցեն, որ ծեծել են (տեսանյութ)

  • Իրավունք - 16 Դեկտեմբերի 2011, 20:45

«Ես ժխտել եմ դա, կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո 3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: Չնայած պատճառած ցավն ուժեղ էր, ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին (ընկերուհուս), ասելով. «նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»,- գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը պատմում է, թե ինչպես են Երեւանի գլխավոր քննչական վարչությունում իրենից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել:

Ստեփանն ու նրա ընկեր Վահրամը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործի հիմնական եւ կարելի է ասել միակ ապացույցը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես Ստեփանն է վստահեցնում, ինքը գրել է խոշտանգումների արդյունքում:

Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ մեր հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը ծառայողական քննություն կատարեց, սակայն քրեական գործ չհարուցեց, որից հետո Ստեփանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, որտեղ Ստեփանը մանրամասն շարադրել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր հետ կատարված բոլոր ապօրինությունները:

Տիգրան Սաֆարյանի բողոքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը «մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»: Փաստաբանը որոշումը բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանում, որը անփոփոխ էր թողել ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի` 2011թ. ապրիլի 13-ին կայացրած որոշումը:

Ստեփան Հովակիմյանի ներկայացուցիչը դատարանի որոշումն այժմ բողոքարկում է Վերաքննիչ քրեական դատարանում: Նախորդ դատական նիստին դատավոր Աիդա Հովհաննիսյանը որոշում կայացրեց վկայակոչել այն անձանց, որոնք, ըստ փաստաբանի, կարող են ապացուցել, որ Ստեփանին ծեծել ու ստորացրել են ոստիկանությունում: Վկաներին դատարանում կհարցաքննեն դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին:

Մանրամասները` տեսանյութում


Ամենաընթերցվածը