Այսօր Երեւանում մեկնարկել է «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար ավելի քան 30 երկրներից մոտ 100 մասնագետներ են ժամանել:
Համաժողովի առաջին հատվածում քննարկվում է մարդու իրավունքների վիճակը եւ ապագա զարգացումները` բազմաթիվ երկրների օրինակով, մասնավորապես Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հեղափոխություններից քաղված դասերը, իշխանության պահպանության նոր ռազմավարությունները բռնապետերի կողմից հեղափոխական բախումների պայմաններում եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ժողովրդավարացման գլոբալ զարգացումների վրա:
«Մարդիկ դժգոհ լինելով` սկսում են կառավարություններ փոխել: Այս առումով հանրային լրատվամիջոցները կարեւոր են հանրային կարծիք ձեւավորելու տեսանկյունից: Լրատվամիջոցների շուկայական կողմնորոշումը թույլ չի տալիս լիարժեք քաղաքական բանավեճ իրականացնել»,- ասաց Լրատվամիջոցների ծրագրի տնօրեն Գորդանա Յանկովիչը (ԲՀՀ-Լոնդոն):
«Երբ խոսում ենք ժողովրդավարության նոր փուլի մասին, պետք է երկու հանգամանք հաշվի առնել. Նախ` քաղաքականության էթնիզացիան: Մենք այն տեսնում ենք տարբեր երկրներում: Էթնիզացիան ունի հետեւանքներ առօրյա կյանքի վրա: Նույնը վերաբերում է պոպուլիզմին. այն նորություն չէ: Իմ կարծիքն այն է, որ դրա դեմ պայքարել պետք չէ, դրանով մեր աշխատանքն ավելի արդյունավետ չի դառնա: Մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է վարվենք այս պոպուլիստական իրավիճակում»,- ասաց Նյու Յորքի Բաց հասարակության հիմնադրամի միջազգային հարցերի գծով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան
Համաժողովի ընթացքում արձանագրվեց նաեւ, որ պետք է զրո հանդուրժողականություն լինի դիկտատորների նկատմամբ ժողովրդավարական երկրների առաջնորդների կողմից:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) կողմից` ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ԱՄՆ ՄԶԾ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակության ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
