Բողոքարկում են ՀՔԾ-ի որոշումը

  • Իրավունք - 20 Հունիսի 2011, 09:36
«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ, որով վերջինս մերժել էր քրեական գործի հարուցումը «հանցադեպի բացակայության հիմքով»:
 
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ մեր հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը ծառայողական քննություն կատարեց, սակայն քրեական գործ չհարուցեց, որից հետո Ստեփանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, որտեղ Ստեփանը մանրամասն շարադրել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր հետ կատարված բոլոր ապօրինությունները:
 
Քրեական գործի հարուցումը մերժող որոշման դեմ բողոքը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակված է հուլիսի 6-ին: Այդ օրը ժամը 14:00-ին քննվելու է նաեւ մեղադրյալներ Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործը:

Ամենաընթերցվածը