Ապացույց տեսագրությունը կորել է

  • Իրավունք - 08 Հունիսի 2011, 16:57
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց Մոսկվա կինոթատրոնի ներկայացուցիչ Նորայր Ազատյանը, ով նշեց, թե ինքը համոզված է, որ կինոթատրոնի դրամարկղից կատարված գողությունը պլանավորված է եղել: Ազատյանը նշեց, որ գողը նախօրոք տեղյակ է եղել, որ դրամարկղում մեծ գումար է կուտակվել, այսինքն` աշխատակիցներից կամ նրանց մտերիմներից որեւէ մեկը պետք է լիներ:
 
Նշենք, որ դրամարկղից առանձնապես խոշոր չափերի Գողության կատարման ժամանակահատվածում Մոսկվա կինոթատրոնում 4 գանձապահ է աշխատել, բայց կինոթատրոնի աշխատակիցներից մի քանիսի կասկածն  անմիջապես ուղղված է եղել գանձապահ Գոհար Մանուկյանի ընկերոջը` Ստեփան Հովակիմյանին,  որն էլ այսօր Վահրամ Քերոբյանի հետ նստած է մեղադրյալի աթոռին:
 
Քրեական գործում առկա է տեսագրություն, որտեղ երեւում է, թե մի երիտասարդ տղա ինչպես է մոտենում դրամարկղին, ապա րոպեներ անց դուրս գալիս այնտեղից: Վկա Նորայր Ազատյանի կարծիքով, դա Ստեփան Հովակիմյանն է, քանի որ կազմվածքով նման է նրան: Նշենք, որ մեղադրանքի համաձայն` այդ տղան ոչ թե Ստեփանն է, այլ Վահրամը, ով կառուցվածքով ակնհայտորեն ավելի փոքր է, քան տեսանյութի «հերոսը»:
 
Տեսանյութն ամբողջությամբ չի պահպանվել, քանի որ ինչպես Նորայր Ազատյանն ասաց, իրենք տեսագրության ամբողջական եւ կրճատված տարբերակները հանձնել են քննիչին, սակայն հետագայում, երբ դատարանում անհրաժեշտ է եղել ներկայացնել ամբողջական տարբերակը, քննիչը հայտարարել է, որ չի կարողանում գտնել այն: Փաստորեն, քրեական գործը դատարան է մտել էական ապացույցի բացակայությամբ:
 
Դատապաշտպան Տիգրան Սաֆարյանն էական հակասություն գտավ վկա Ազատյանի նախորդ եւ այսօրվա ցուցմունքներում, որի պատճառով վկան կրկնակի հարցաքննության ենթարկվեց: Նշենք, որ փաստաբանը էական հակասություններ գտել էր Մոսկվա կինոթատրոնի գրեթե բոլոր աշխատակիցների ցուցմունքներում: Մեզ հետ զրույցում Տիգրան Սաֆարյանը դա այսպես մեկնաբանեց. «Իրենք հասկացել են, որ մենք նախորդ դատաքննության ցուցմունքներից գիտենք իրենց այսպես ասած թույլ կողմերը, եւ երկրորդ հարցաքննության ժամանակ փորձում են «լղոզել» այդ պատասխանները»:
 
Իսկ մեղադրյալ Ստեփան Հովակիմյանը դատարանում հայտարարեց, որ Նորայր Ազատյանն ակնհայտորեն սուտ ցուցմունքներ է տալիս` «անգամ իր սպիտակ մազերից չամաչելով»:
 
Այսօր դատարանում հարցաքննվեց մեղադրյալ Վահրամ Քերոբյանը, ով հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, քանի որ նախաքննական մարմինը «ճիշտ չի գնահատել իր ցուցմունքները»: Վահրամը միայն հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրվել է ապօրինի մեղադրանք, եւ որ ինքը որեւէ կապ չունի գողության հետ:
 
«Քննիչի երեւակայության արդյունքն է այն, թե իբր Ստեփանը հեռախոսով ինձ ուղղորդել է դեպքի վայրում, իրականում մենք զրուցում էինք ատամնաբույժին վճարելու մասին»,- ասաց Վահրամ Քերոբյանը:
 
Մյուս մեղադրյալի` Ստեփան Հովակիմյանի հարցաքննությանը կանդրադառնանք առաջիկայում:

Ամենաընթերցվածը