Առայժմ «կառավարելի քաոս». Ալիքը ծավալվում է

    • Իրավունք - 16 Մայիսի 2018, 21:12
Երեկվա գործադուլներին այսօր հաջորդել են բողոքի ակցիաներ Երևանում և մարզերում: Մարդիկ բարձրացնում են տարիներ շարունակ կուտակված խնդիրները:

Այսօր ցուցարարները ներխուժել էին Երեւանի քաղաքապետարանի շենք եւ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ի պատասխան, քաղաքապետի կողմնակիցները հակա-ցույց էին կազմակերպել՝ վանկարկելով նրան աջակցության կարգախոսներ:

Սևան քաղաքի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ բողոքելով Սևանի թերակղզու տարածքն ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու որոշման դեմ: Մարդիկ պահանջում են չեղյալ անել այդ որոշումը:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները գնացել էին վարչապետի նստավայր՝ պահանջելով գործարանի վերագործարկում, աշխատակիցների կարգավիճակի և աշխատավարձերի վճարման մեթոդների հստակեցում:

Բաղրամյան փողոցում՝ վարչապետի նստավայրի մոտ միանգամից մի քանի խմբեր են այսօր բողոքի ակցիաներ արել:

Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են ոլորտի օպտիմալացման դեմ: Նրանց խոսքով՝ եթե օպտիմալացումն իրագործվի, 400 մարդ կմնա գործազուրկ:

Տաքսիների վարորդները փակել էին փողոցի մեկ շարքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն էին հրավիրում ոլորտի լիցենզավորման խնդիրների վրա: Տաքսիստները պահանջում են վերանայել լիցենզավորման կարգը, խստացնել, որպեսզի այն տարածվի բոլոր վարորդների վրա: Նաև պահանջում են, որպեսզի տեսախցիկներից գոյացած տուգանքները չեղյալ արվեն, կարմիր գծերը հանվեն:

Ավտո ներկրողների միության անդամները ևս եկել էին վարչապետի նստավայր՝ բողոքի: Նրանք դժգոհում են, որ մեքենա ներկրելիս իրենց ընդամենը 10 օր են տրամադրում՝ մաքսազերծում իրականացնելու համար: Այնինչ, ըստ վարորդների, դա շատ սուղ ժամանակահատված է:

Այս բոլոր ակցիաների մասնակիցները հանդիպում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց ընդունել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու համապատասխան ոլորտների նախարարները:

Տարիներով կուտակված, չլուծված կամ կիսատ-պռատ լուծված խնդիրներն այնքան շատ են, որ պետք է սպասել շղթայական ռեակցիա: Ընդ որում, այս «քաոսի» մեջ կարող են լինել թե օբյեկտիվ հարցադրումներ, թե չեն բացառվում հաշիվներ մաքրելու դրսեւորումները, նաեւ ուղղորդումներ: Առավել եւս, որ սպասվում են արտահերթ ընտրություններ, եւ քաղաքական տարբեր խմբեր ու խմբավորումներ ակտիվ պատրաստվում են դրանց:

Հեղափոխական ժամանակներ են, եւ այս ալիքը կամ կտանի մաքրման, կամ ներքին նոր ճգնաժամի:

Ամենաընթերցվածը