Դատարանը մերժեց Սասնա ծռերի անդամներին ազատելու միջնորդությունը

  • Իրավունք - 16 Մայիսի 2018, 16:33
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Սասնա ծռերի» 10 առանցքային անդամների գործով միջնորդության արդունքները: Դատարանը մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի և մյուսների խափանման միջոցը վերացնելու և նրանց անհապաղ ազատ արձակելու կամ այլ խափանման միջոցով փոխելու մասին:

Դատավորը հայտարարեց, որ դատարանը համամիտ չէ պաշտպանական կողմի այն պնդումներին, թե կալանավորման այն հիմքերը, որոնք եղել են նախկինում, այսօր վերացած են:

«Քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ նրանց ազատ արձակելու կամ ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդությունները՝ դատարանը գտնում է, որ այս պահին առկա են Քրեական դատավարության 135-րդ հոդվածով նախատեսված վտանգները: Դրանք են՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ձևով ազդեցություն գործադրելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, առանց հարգելի պատճառների դատարան չներկայանալու  ճանապարհով խոչընդոտելը: Նրանց ակնհայտ ագրեսիվ վարքագիծը վկայում է այն մասին, որ հայտնվելով ազատության մեջ՝ կխոչընդոտեն դատարանում գործի քննությանը՝ դատարան չներկայաանելու եղնանակով»,- հայտարարեց դատարանը:

Ամբաստանյալները և պաշտպանները վճռի հրապարակումը մինչև վերջ չլսելով՝ լքեցին դատական նիստերի դահլիճը: Դատավորը հայտարարեց, որ նրանց նկատմամբ սանկցիա է կիրառվելու:

Ամենաընթերցվածը