Գլխավոր դատախազի ուշագրավ պարզաբանումը Նիկոլ Փաշինյանի ձերբակալման կապակցությամբ

  • Իրավունք - 15 Մայիսի 2018, 13:22
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջնորդություն էր  ներկայացրել Ազգային ժողով՝ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար և հետո ի՞նչ է եղել այդ միջնորդության հետ:

Դատախազն ասաց, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբալակվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու և իրականացնելու համար, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածքով:

«Նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա իմ կողմից միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով, բայց միջնորդությունը ներկայացվել է միայն պատգամավորներից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այնուհետև հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այն ժամանակվա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ՝ այդ հարցով խորհրդարանում քննարկումներ չնախաձեռնելու համար: Այդ պայմաններում իմ կողմից նամակ եղավ ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցն օրակարգից հանվի, և նրանք նույն օրը ազատ են արձակվել»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:

Էդմոն Մարուքյանն արձանագրեց. «Այսինքն՝ քաղաքական նկատառումներով են նրանք ձերբակալվել: Եվ դուք հաստատեցիք, որ քաղաքական նպատակներով էլ նրանք ազատ են արձակվել: Այսինքն՝ վարչապետի պաշտոնակատարը ձեզ դիմել է, դուք դիմել եք ԱԺ-ին, որ չքննարկվի: Քաղաքական պրոցես է, իրավական գործըթնաց այստեղ չկա»:

«Ձեզ և բոլորին վստահեցնում եմ՝ ոչ մի քաղաքական նկատառում չի եղել: Ինձ ոչ ոք ոչ մի բան չի հանձնարարել, ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»,- ասաց Գլխավոր դատախազը:

Հետո նա հավելեց՝ ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցին, այո, այստեղ քաղաքական նշանակում կա:

«Իսկ ինչի՞ համար կա, որովհետև նույնիսկ դա էլ իրավական է: Այսինքն՝ երբ մենք գործ ունենք քաղաքական մարմինների թույլտվությամբ որոշակի խումբ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և անձեռնմխելիության հաղթահարման հետ, ակնհայտ է, որ այդտեղ քաղաքական էլեմենտ կա: Դատախազը ներակայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, իսկ քաղաքական մարմինը տալու է քաղաքական գնահատական: Եվ ոչ ոք չի էլ կարող քաղաքական մարմնին՝ պառլամենտին ասել, թե ինչու տվեցիր դրական կամ բացասական եզրակացություն: Այսինքն՝ սա մաքուր իրավական գործընթաց չէ: Շատ անկեղծ ձեզ ասեմ՝ այո, Ազգային ժողովի մեծամասնություն խմբակցության ներկայացուցիչը՝ ՀՀԿ փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, գտնում է, որ այդ միջնորդությունը չպետք է քննարկվի: Սա ինձ համար՝ որպես դատախազ, ի՞նչ է ասում, որ միջնորդությունը մերժվելու է, ճի՞շտ է: Այդ դեպքում իմաստը որն է այդ միջնորդության քննարկման շարունակության»,- նշեց դատախազը:

Ամենաընթերցվածը