ՀՀԿ-ն մտքափոխվել է. Զավեշտ Ազգային ժողովում

  • Իրավունք - 15 Մայիսի 2018, 12:21
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության նիստերը բաց անցկացնելու նախաձեռնությունն են պաշտպանում:

Հիշեցնենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան էր բերվել Արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ականներն էլ կողմ էին քվեարկել դրան: Օրենքով արգելվել էր ոչ միայն լրագրողների, այլ նաև մի շարք կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարության նիստերին: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության նիստերը նորից բաց են անցկացվում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով է բերել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ով զրկվել էր կառավարության նիստերին մասնակցելու հնարավորությունից և միայն վարչապետի հրավերով կարող էր մասնակցել դրանց, նորից կկարողանա մասնակցել կառավարության նիստերին:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ պետք է բոլոր օրենքներում փոփոխություններ կատարվեն, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանն առանց որևէ մեկի հրավերի անհրաժեշտության իր հայեցողությամբ մասնակցի կառավարության նիստերին:

ՄԻՊ Արման Թաթոյանը, ով դրական էր գնահատել այն, որ կառավարության նիստերը դռնփակ էին անցկացվում, այսօր մանրամասնեց, թե ինչու էր այլ դիրքորոշում ցուցաբերել: 

«Երբ որոշում էր կայացվել, որ անկախ բոլոր մարմինների մասնակցությունը կառավարության նիստերին բացառվելու է, ես չէի ուզենա մասնակցել այդ կառավարության նիստին: Դրա համար ես այդ ժամանակ դրական կարծիք էի տվել, ոչ մի անկախ մարմին չէր լինում, ես գնայի այնտեղ ի՞նչ անեի: Դա կարող էր սխալ կարծիք ստեղծել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ»,- ասաց Թաթոյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կատարել փոփոխություններ, որ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, այլ նաև Գլխավոր դատախազը և մյուսները նույնպես անարգել մասնակցեն կառավարության նիստերին:

«Եթե մենք իրականում քաղաքականության փոփոխություն ենք արձանագրում, Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ դերն ընդգծելով հանդերձ, միաժամանակ պետք է հասկանանք, որ եթե դռնբացությունը կա, ապա այն պետք է հրատապ ռեժիմով վերաբերի ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանին, այլև Գլխավոր դատախազին, մյուս մարմիններին, որոնք այնտեղ ներկա էին գտնվում»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը