«Չեմ կարծում, որ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որ բյուջեն չթալանվի»

    • Իրավունք - 14 Մայիսի 2018, 19:14
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում պետք են լուրջ բարեփոխումներ: Իսկ լուրջ բարեփոխումների համար պետք է նաև լուրջ օրենսդրական բազա լինի, լուրջ ռազմավարություն մշակվի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Դրա համար պետք է այլ Ազգային ժողով լինի: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ մեծամասնության պայմաններում հնարավոր կլինի օրենսդրական լուրջ քայլերի գնալ: Դրա համար ես ներկա իրավիճակը գնահատում եմ որպես ժամանակավոր և հույս ունեմ, որ իսկապես աշնանը ժամանակ կգտնվի արտահերթ ընտրությունների անցակցման համար: Ոչ ուշ, քան աշնանը: Սա ես համարում եմ նախապայման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հակակոռուպցիոն, լուրջ քաղաքականություն տանելու առումով»,- ասաց նա:

Իսկ այս փուլում, ըստ մասնագետի, նոր ձևավորված կառավարությունը օպերատիվ կառավարում պետք է իրականացնի, ավելի բարելավի օրենքների կիրարկումը: Դա ավելի նպատակահարմար է, քան, ըստ Հոկտանյանի, Ազգային ժողով ինչ-որ օրենքների նախագծեր տանելը՝ իմանալով, որ այնտեղ լուրջ օլիգարխիկ կլանային շահեր ներկայացնողները մեծամասնություն ունեն:

Այն օրենքները, որոնք այսօր կան, նույնպես հնարավորություն են տալիս բավական լուրջ քայլեր ձեռնարկել: «Օրինակ՝ ես չեմ կարծում, որ որևէ օրենսդրական փոփոխություն պետք կլինի, որպեսզի ճանապարհային ոստիկանները կաշառք չվերցնեն: Չեմ կարծում, որ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որ բյուջեն չթալանվի: Խնդիրների խնդիրը տնտեսական, քաղաքական, սոցիալական այս համակարգի փոփոխությունն է: Արտահերթ ընտրություններով ձևավորելով նոր խորհրդարան՝ արդեն լրջագույն օրենքներ պետք է մշակվեն ու ընդունվեն՝ ուղղված տնտեսության մոդելը վերանայելուն»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ իսկապես հայամետ սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգի ստեղծում պետք է տեղի ունենա, որտեղից որպես ածանցյալ կբխի այն, թե ինչպիսի հակակոռուպցիոն քաղաքականություն պետք է վարվի:

«Նույն Սինգապուրում, որն այդքան գովում են, ամեն ինչ սկսվեց տնտեսական լրջագույն բարեփոխումներից, որը ծնեց անհրաժետություն հակակոռուպցիոն լուրջ քաղաքականություն իրականացնելու համար: Այսինքն՝ պարզ դարձավ, որ այդ տնտեսական քաղաքականությունը կյանքի չի կոչվի այդպիսի կոռուպցիայի պայմաններում: Ընդ որում,առաջին քայլը, եթե մենք իսկապես կոռուպցիայի դեմ պայքարից ենք խոսում, պետք է լինի ընտրական գործընթացում կոռուպցիան բացառելը: Ես հույս ունեմ, որ քաղաքական այդ կոռուպցիայի տարածումը, որը տեսնում ենք ընտրությունից ընտրություն, եթե չլինի, շատ բան կփոխվի: Դա կլինի առաջին քայլը՝ հակակոռուպցիան լուրջ պայքար մղելու ճանապարհին: Իսկ հիմա օպերատիվ կառավարում ու օպերատիվ հարցերի լուծում պետք է լինի, ինչի արդյունքում հնարավոր կլինի դա անել», ասաց նա:

Ամենաընթերցվածը