Արմեն Մարտիրոսյանը Սասնա ծռերի խափանման միջոցի մասին

  • Իրավունք - 14 Մայիսի 2018, 15:53
«Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն, կարծում է Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Պատասխանելով, թե արդյոք այդ հարցը հենց հիմա պետք է լուծում ստանա և որքանո՞վ եք ճիշտ համարում, որ «Սասնա ծռերի» բոլոր անդամները պետք է ազատ արձակվեն, Մարտիրոսյանը նշել է.

Նախ ասեմ, որ ես այդ քրեական գործով դեռևս մեղադրյալի կարգավիճակում եմ։ Ընդհանրապես, մեղավորության մասին կարող ենք խոսել մի պարագայում, երբ երկրում օրինականություն է տիրում, և մարդիկ օրինական հնարավորությունները թողած ապօրինիություն են գործել։ Ցավոք, Հայաստանում այդպիսի իրավիճակ չի եղել, Հայաստանում տարիներ շարունակ, 1996 թվականից սկսած լեգիտիմ իշխանություն չենք ունեցել, բացառությամբ երևի թե 1999 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորված խորհրդարանի և կառավարության, որը շատ կարճ ժամանակ հետո գլխատվեց։

Բացի այդ, մենք պետք է հիշենք, որ «Սասնա ծռերի» գործողությունն առաջացավ նաև այն բանից հետո, երբ «Հիմնադիր խորհրդարանին» որևէ ձևով թույլ չտրվեց քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Մենք տեսանք, թե ինչ ուժ էր կիրառվում նրանց նկատմամբ։ Մենք տեսանք, որ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ապօրինի ձերբակալեցին, կալանավորեցին և, ըստ էության, որևէ ուղիղ մեղադրանք չեղավ նրա նկատմամբ։

Ընդամենը ինչ-որ կողմնակի մի անձնավորության կողմից կիսաթեթև ցուցմունք է եղել։ Խոսքն ընդամենը մտադրության մասին է եղել, իսկ մտադրության մեղադրանք ում ասես կարող են հասցեագրել։ Մտադրությունը դեռ չի նշանակում հանցանք։ Ընդ որում,  քերական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ գործողության համար կարելի է մարդուն դատապարտել։ Նույնիսկ եթե մարդը գնում է հանցագործության, բայց կեսից հետ է կանգնում, ինքն արդեն անմեղ է։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի պարագայում իրենք պարզապես ենթադրելով մեղադրեցին, որ ինքն ապրիլի 24-ին պետք է զանգվածային անկարգություններ աներ։

Մենք խետք է տեսնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները խաղաղ գործունեության դաշտ չեն ունեցել, ուստի ըստ իրենց միակ տարբերակը եղել է զինված ապստամբությունը, ինչին իրենք դիմել են։ Ակնհայտ է, որ իրենք ապօրինի իշխանության դեմ են այդ ապստամբությունն իրականացրել։ Իրենք միանշանակ, թեկուզ զենքները ձեռքին, ցանկություն չեն ունեցել, որ որևէ մեկի արյունը հեղվի։ Մյուս կողմից երեք մահացած ոստիկաններից երկուսի դեպքում խորը տարակուսանք կա, որ դա որևէ ձևով կապ ունի «Սասնա ծռերի» հետ։ Մնում է միայն գնդապետ Վանոյանի հարցը, որը, ես կարծում եմ, պետք է արդար հետաքննություն իրականացվի։

Այդ հետաքննությունը պետք է իրականացվի հենց ապստամբության հիմքով, որը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի անբաժանելի մասն է։ Ես կարծում եմ, որ այդ դրույթը պետք է տեղ գնի նաև ՀՀ Սահմանադրության մեջ, ինչպես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեպքում որևէ մեկն իրավունք չունի իշխանությունը յուրացնել։ Իսկ եթե իշխանության յուրացում է եղել, ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է երկրում օրինականություն հաստատել։ Այս գործը հենց այս հիմքով պետք է քննվի, իսկ մնացածի մասով, եթե դատական պրոցեսը պետք է շարունակվի, իրենք պետք է այդ ընթացքում անպայման ազատության մեջ լինեն։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել կալանավորված։ Այդ ժամանակ ոչ այնքան ծանր է կալանավորվածների վիճակը, որքան  նրանց հարազատների։ Դրա համար ցանկացած պարագայում, նրանք պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Այն, որ նրանք ազատ չարձակվեցին, խոսում է նրա մասին, որ ըստ էության, համակարգը դեռ չի փոխվել, մենք ընդամենը այսբերգի վերևի հատվածն է պոկվել։ Ակնհայտորեն, մեզ համակարգային փոփոխություններ են պետք և դրանք կարող են սկսվել բացառապես սահմանադրական փոփոխություններից սկսած։ Դրա համար այս կառավարությունն այդ արմատական փոփոխությունները չի կարող իրականացնել, որովհետև և գործիքակազմը չունի, և հասարակությունը բոլորովին այլ մտադրություններ ունի։ Հիմա օրակարգի թիվ մեկ խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Հետևաբար, «Սասնա ծռերը» և մնացած գործերով անցնող քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Սա ակնհայտ է և որևէ մեկի համար քննարկման նյութ չի կարող լինել։

Ամենաընթերցվածը