Իրացման գոտիների բնակիչը դիմել է Նիկոլ Փաշինյանին

  • Իրավունք - 14 Մայիսի 2018, 15:38
Իրացման գոտիների բնակիչ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հանձնել է նաև վարչապետի աշխատակազմին: Նամակում մասնավորապես ասվում է:

Մեծարգո վարչապետ, 11․05․2018 թվականին, ՀՀ կառավարության նիստում արդարադատության այլեւս նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից զեկուցվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով առանձնատուն հատկացնելու հարցը։

Հարգելի վարչապետ, 2002 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսեց Երեւանի կենտրոնի բնակիչների սեփականության զանգվածային ունեզրկում, նույն Դ․ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Սակայն նա որեւէ անգամ հանդես չեկավ հայտարարությամբ, որ սկսված գործընթացը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաեւ 1998 թվականի ՍԴՕ 92 որոշմանը։

Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների հազարավոր բնակիչների բռնի ուժով, ծեծելով դուրս էին շպրտում իրենց պապական տներից։ Երեխաներս, որ 8 եւ 13 տարեկան էին, այդպես էլ մանկություն չունեցան, տեսնելով միայն ոտնձգություն հայրենի կառավարության կողմից։

Որտե՞ղ էր Դավիթ Հարությունյանը, երբ 2005 թվականի դեկտեմբերի 26-ին առանց որեւիցե գումար տրամադրելու, ԴԱՀԿ աշխատակիցները իմ ընտանիքին եւ երկու անչափահաս երեխաներիս փողոց շպրտեցին իրենց պապական տնից՝ պետական կարիքների համար։

Դավիթ Հարությունյանը սույն թվականի մայիսի 11-ին պահանջում էր առանձնատուն հատկացնել մի մարդու, ով 2007 թվականին զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կառավարության շենքում կազմակերպեց ընդունելություն եւ սեղմելով ձեռքս, տղամարդու խոսք տվեց իմ հարցը լուծել մեկ ամսվա ընթացքում։ Այս հանդիպումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով:

Դավիթ Հարությունյանը պահանջում է հարգել ՀՀ օրենքները։ Սակայն ոչ մի կերպ չի անդրադառնում այն փաստին, որ արդեն յոթ տարի կառավարությունը չի կատարում ՄԻԵԴ որոշումը՝ ինձ եւ իմ ընտանիքին որպես համարժեք փոխհատուցում բնակարան հատկացնելու վերաբերյալ։

Այսպես, 2011 թվականի նոյեմբերի 15-ին ՄԻԵԴ պալատը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված միակողմանի հայտարարության հիման վրա կայացրել էր որոշում․

«Սույնով կառավարությունը ցանկանում է արտահայտել միակողմանի հայտարարություն, դիմումատուին գույքի օգտվելու իրավունքից զրկելու ճանաչումը ոչ համապատասխան՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին։ Տվյալ հանգամանքներում եւ հաշվի առնելով որոշակի փաստերը, կառավարությունը հայտարարում է, որ առաջարկում է տալ դիմումատուներին սեփականության իրավունքով բնակարան 117․5 քմ մակերեսով, որի հասցեն է քաղաք Երեւան, Ամիրյան 4/6, բնակարան 31։ Բնակարանի սեփականության իրավունքն արդեն ներկայացվել է Դատարանին։ Կառավարությունը համարում է այս հայտարարությունը ողջամիտ, հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքը»։ (Սեդրակ Բաղդասարյանն ու Տատյանա Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի թիվ 43242/05 դիմումի վերաբերյալ որոշում, կետ 21

Սույն որոշումն առ այսօր կատարված չէ։ Ընդ որում, 2005 թվականից այս կողմ իմ ընտանիքը վարձով է բնակվել եւ բնակվում մայրաքաղաքի տարբեր հասցեներում։

Ինչպես հայտնի է, մարդու սեփականությունը կարող են վերցնել երկու ճանապարհով՝ կամ պայմանագիր կնքելու միջոցով կամ դատական ակտի հիման վրա։ Մեր պարագայում չի պահպանվել ոչ մեկը, ոչ էլ մյուսը։

Մեծարգո վարչապետ, գտնում եմ, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ պետք է հարգի օրենքը եւ առաջնորդվի բացառապես օրենքով։ Ուստի գտնում եմ, որ ՀՀ երրորդ նախագահին պետք է տրամադրել առանձնատուն միայն ինձ վերոնշյալ բնակարանը տրամադրելուց հետո, որպես երաշխիք այն բանի, որ իմ երեխաներն ապրում են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Ակնկալում եմ, որ նոր կառավարությունը կզբաղվի իմ հարցով:

Ամենաընթերցվածը