Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն աջակցություն է հայտնում Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին

  • Իրավունք - 13 Փետրվարի 2018, 17:57
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը

2018 թվականի փետրվարի 1 Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից  բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող  կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել  քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ  դուրս են  հանել  ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։

Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով  լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:

Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին։

Ամենաընթերցվածը