Փաստաբանը խեղաթյուրում է փաստերը՝ Արա Աբրահամյանի ապօրինությունները արդարացնելու նպատակով. «2Ն Քոմփընի» ընկերություն

  • Իրավունք - 12 Փետրվարի 2018, 16:48
«2Ն Քոմփընի» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Արա Աբրահամյանի կողմից՝ Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքը պատվիրված քրեական գործի միջոցով յուրացնելու մասին հրապարակումների պատասխանը երկար չսպասեցրեց։ Հայտարարությամբ է հանդես եկել Արա Աբրահամյանի փաստաբան Ա. Կարաֆելովը, ով, նշելով, թե սկսել է աշխատել գործի վրա 2016 թվականին, իր շարադրանքում ամբողջովին խեղաթյուրել է քսանամյա վաղեմության փաստերը։ Հեքիաթը գեղեցիկ է ստացվել, սակայն դրանում երևակայությունը իրականությունից բարձր է կանգնած։

Փաստաբան Կարաֆելովը փորձաքննություն է անվանում իր կողմից արված ինչ-որ հաշվարկներ իբր չստացված ֆինանսական միջոցների մասին։ Երկար տարիների ընթացքում բաժնետեր Նատալյա Աբրահամյանի կողմից /Արա Աբրահամյանի կինը/ իր ներկայացուցչի միջոցով կասեցվում էին բաժնետերերի ընդհանուր ժողովի՝ աուդիտ անցկացնելու որոշումները։ Արդյունքում արհեստավարժ աուդիտ անցկացնելու փոխարեն փաստաբանը հղում է կատարում իր հաշվարկների վրա։

Հայտարարելով, թե Ն.Աբրահամյանը երբեք չի՛ նշանակել «2Ն Քոմփընի» ընկերության գլխավոր տնօրենին, փաստաբանը չգիտես ինչու միամտաբար բաց է թողնում այն հանգամանքը, որ գլխավոր տնօրենը նշանակվել է հեռավոր 1998 թվականին՝ ընկերության ստեղծման ժամանակ։ Հետաքրքիր տրամաբանություն՝ ընկերության ստեղծման մասին որոշումը և գլխավոր տնօրենի նշանակումը կատարվել է միևնույն փաստաթղթով, որի տակ ստորագրել է Նատալյա Աբրահամյանը։ Այսինքն ստացվում է, որ այդ ստորագրությամբ ընկերությունը ստեղծվել է, իսկ գլխավոր տնօրենը չի՞ նշանակվել։ Այդ դեպքում /եթե այդ ստորագրությունն անվավեր է/ ինչո՞ւ է Նատալյա Աբրահամյանի ներկայացուցիչը տարիներ շարունակ ստացել շահույթի իր մասնաբաժինը, յուրաքանչյուր եռամսյակը մեկ քվեարկելով «շահույթի բաշխման» որոշմանը կողմ, սակայն դեմ բոլոր այլ կառավարչական հարցերին։ Հարկ է նշել, որ շահույթը ևս փոքր չէ. միության 19 տարիների ընթացքում Ն. Աբրահամյանը ստացել է մոտ $20 մլն։

Հետաքրքրական եզրահանգումն այն մասին, թե, իբր, միայն բաժնետերի և գլխավոր հաշվապահի որոշած շահույթն է Վեյնեթ Թրեյդինգից հասնում «2 ՆԿ Քոմփընիի» հաշվեհամարին, իրականությանը հակառակ է արվել. շենքի շահագործման ծախսերը երբե՛ք չեն ավելացել և բաժնետերերը մշտապես հավասար շահույթ են ստացել։ Միակ ծախսը, որ կրում է «2 ՆԿ Քոմփընի» ընկերությունը՝ շենքի շահագործումն ու մենեջմենթն է։ Այս ծախսերը ֆիքսվել են դեռևս 20 տարի առաջ և որևէ փոփոխության չե՛ն ենթարկվել։

Փաստաբանը պատմել է բաժնետերերից մեկի և գլխավոր տնօրենի՝ իբրև թե գոյություն ունեցող միանձնյա կառավարման մասին, նաև բողոքել, թե իբր, Նատալյա Աբրահամյանին թույլ չեն տալիս մասնակցել շենքի կառավարմանը։ Փաստաբանը միևնույն ժամանակ մոռացել է նշել, որ Ն. Աբրահամյանը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի և որևէ անգամ ներկա չի՛ գտնվել բաժնետերերի հավաքների ժամանակ։

Տեղին կլիներ հարց ուղղել բաժնետերին և փաստաբանին. տեղյա՞կ են նրանք՝ ինչ ներդրումների կամ անձնական ավանդի համար է ընկերության բաժնետոմսերի 50%-ի տերը դարձել Նատալյա Աբրահամյանը՝ Արա Աբրահամյանի կինը։

Հավանաբար, ընկերության գործերում Նատալյա Աբրահամյանի մեծ հետաքրքրացվածության պատճառով նրա բաժնեմասերը հաշված օրերի ընթացքում անցան Արա Աբրահամյանին, այնուհետև իր բարեկամներին և ի վերջո հանգրվանեցին պարոն Վ. Խաչատրյանի ձեռքերում։

Հավանաբար, այդ նույն «վատ մարդիկ», որոնց մասին պատմում է փաստաբան Կարաֆելովը, խոչընդոտ են հանդիսացել Նատալյա Աբրահամյանից Վարդան Խաչատրյանին բաժնետոմսերը ուղիղ փոխանցելուն։ Թե՞, այնուամենայնիվ, կա ուրիշ պատճառ։

2016 թվականին «2Ն Քոմփընին» առաջին անգամ է իմացել Կարաֆելովի մասին, նա ներկայացել է որպես բաժնետերի վստահելի անձ՝ հայտարարելով, որ իրենց նպատակը ո՛չ թե բիզնեսի համատեղ կառավարումն է, այլ կառավարումն ամբողջությամբ իրենց ձեռքերի մեջ վերցնելն է, ինչի ապացույցներն առկա են։

Փաստաբանի և իր իրավաբան-աշխատակիցների կողմից մի շարք արբիտրաժ գործեր նախաձեռնվեցին, որոնք սակայն դատարանում Աբրահամյանի օգտին լուծում չստացան (գործեր № А40-240068/2016, А40-180599/2016, А40-191749/2016).

Չկարողանալով փաստարկել իր դիրքորոշումը արբիտրաժ պրոցեսում, Աբրահամյանի ներկայացուցիչներն անցան քրեադատավարական դաշտ, իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ շինծու քրեական գործ պատվիրեցին, չմոռանալով ևս մեկ անգամ սպառնալ ընկերության գլխավոր տնօրենին՝ առաջարկելով հոժար կամքով փոխանվել ողջ բիզնեսը Աբրահամյանի մարդկանց կառավարմանը։

Փաստաբան Կարաֆելովի կողմից իրավապահ մարմիններին մտացածին հանգամանքների շարադրումով դիմելը, կարծես, իրավունք է տալիս նրան անվանել բոլորին հանցագործ։ Իսկ նա չէ՞ հանցագործն ու ագրեսորը, ով ներխուժում է տարիներ շարունակ գոյություն ունեցող բիզնես և ասում, որ իրեն պետք չէ՛ հասանելիք կեսն, այլ միայն ամբողջը։ Նա չէ՞ հանցագործն, ով բացեիբաց հայտարարում է գործող գլխավոր տնօրեին ամեն գնով փոխելու իր մտադրության մասին։

Դիտարկելով կոնֆլիկտի զարգացման ընթացքը, ցանկանում ենք հույս հայտնել, որ բիզնեսը չի՛ զավթվի և չի՛ ոչնչանա մի ինքնակոչի կողմից, մարդկանց ուրախություն բերող շենքը կշարունակի գործել, գլխավոր տնօրենը, ով ամեն օր ապահովում է բիզնեսի գործունակությունը, չի տուժի, իսկ Արա Աբրահամյանի փաստաբանը վերջապես կընթերցի իրավական գրականություն անմեղության կանխավարկածի մասին և կհասկանա՝ որ պահից սկսած է կարելի մարդկանց հանցագործ անվանել»։


Ամենաընթերցվածը