«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրին սպառնալիքներով գրառում կատարած անձի ինքնությունը պարզվել է. Հարուցվել է քրեական գործ

  • Իրավունք - 09 Փետրվարի 2018, 13:46

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքներով գրառում կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումներն անմիջապես ուղարկվել են ՀՀ  ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Նյութեր նախապատրաստելու փուլում պարզվել է այն անձը, ով  համապատասխան գրառումներ է կատարել խմբագրի նկատմամբ: Նա հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն: Դրա արդյունքում նյութերում քրեական գործ հարուցելու հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազը այդ փաստով հարուցել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու համար»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նրա խոսքով` քննիչը այս քրեական գործի վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան կտա տուժողի կարգավիճակ և կիրականացվի օբյեկտիվ քննություն:

«Քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար տրամադրում է տասնօրյա ժամկետ, և այդ ժամկետում էլ կատարվել են նյութերի նախապատրաստումն ու քրեական գործի հարուցումը,- ասաց Դավթյանը:

Ավելի վաղ, ՀՀ դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել էր ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ 

Ամենաընթերցվածը