ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մեծ մասը բավարարվում է

    • Իրավունք - 12 Հունվարի 2018, 18:06
Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին ներկայացված դիմումների մեծամասնությունը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվում է: Այս մասին փաստում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի կողմից Lragir.am-ին տրամադրած վիճակագրությունը:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով միայն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով:

2012-2017 թվականներին ՀՀ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ ստացվել է 16 436 դիմում: Նրանցից 14 583 անձի քաղացիությունը Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է:

Ըստ տարիների՝ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմումներն աճի միտում են դրսևորել: Եթե 2012 թվականին ստացվել էր 968 դիմում, ապա 2013-ին դա կազմել է 1 461, 2014-ին՝ 2 407, 2015-ին՝ 2 487, 2016-ին՝ 3 863 և 2017-ին՝ 5 250: Բնականաբար տարեցտարի աճել է նաև Սերժ Սարգսյանի կողմից հաստատված դիմումների թիվը: Այսպես, 2012 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է 559 մարդու քաղաքացիություն, 2013-ին՝ 1 109, 2014-ին՝ 2 190, 2015-ին՝ 2 476, 2016-ին՝ 3 516 և 2017-ին՝ 4 733 քաղաքացիություն:

«ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով, գործի քննարկման համար դիմում ներկայացնելու պահից սկսած սահմանված է վեցամսյա ժամկետ։ Յուրաքանչյուր դեպքում ՀՀ նախագահի կողմից ստորագրվում է հրամանագիր կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կամ ՀՀ քաղաքացիության դադարեցումը մերժելու վերաբերյալ։ Ոչ մի գործ անորոշ կարգավիճակում չի մնում»,- ասում է Մնացական Բիչախչյանը։

Մեր հարցին, թե որ երկրներում բնակվող հայերն են ավելի շատ դիմել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, վարչության պետը պատասխանում է, որ այդ մասին առանձին վիճակագրություն չկա: Ինչպես ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործերով Անձնագրերի և վիզաների վարչությունում ըստ երկրների առանձին վիճակագրություն չի վարվում, ուստի այդ հարցին հնարավոր չէ պատասխանել: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիության դադարեցնելու դեպքում պատճառ նշելուն, ՀՀ օրենսդրությամբ, ըստ Բիչախչյանի, նման պայման սահմանված չէ։ Դիմումատուն կամ ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ կամ այլ պետության կողմից տրված գրավոր հավաստում, որ իրեն կշնորհի նշված պետության քաղաքացիություն:

Նշենք, որ ՀՀ շատ քաղաքացիներ նաև երկքաղաքացի են, այսինքն՝ պարտադիր չէ, որ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի այլ երկրում քաղաքացիություն ստանան: Կան գնահատականներ, որ տարեկան ավելի շատ հայեր են արտերկրում քաղաքացիություն ստանում, քան քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներն են: Մնացական Բիչախչյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետությունների քաղաքացիություն ստանալու վիճակագրական ցուցանիշներին ևս իրենց վարչությունը չի տիրապետում:

«Վերը նշված թվային տվյալները պաշտոնական տվյալներ են։ Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում այլ մարմիններին ներկայացված ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումները կամ հայտարարությունները չեն համարվում պատշաճ դիմումներ։ Անձը անձամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթղերը պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, իսկ ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ ԱՎՎ։ Դիվանագիտական ծառայություններ ներկայացված փաստաղթերի հիման վրա կազմված գործերը նույնպես ուղարկվում են ԱՎՎ։

Վերջնական եզրակացությունները կազվում են ԱՎՎ-ի կողմից և ուղարկվում ՀՀ նախագահի աշխատակազմ: Վերը նշված ցուցանիշները իրենց մեջ ներառում են բոլոր գործերը, այդ թվում նաև հյուպատոսական ծառայություններ ներկայացված»,- նշում է Ոստիկանության պաշտոնյան:

Նշենք, որ Ռուսաստանում երկքաղաքացիության մասին օրենքը պահպանվում է, բայց այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ուզում են ՌԴ-ում պարզեցված կարգով՝ երեք ամսվա ընթացքում քաղաքացիություն ստանալ, պետք է պարտադիր հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից: Այս մասին օրենքը ՌԴ-ում ընդունվել էր 2014 թվականին:

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ միայն 2016 թվականին 22 264 ՀՀ քաղաքացիներ ՌԴ քաղաքացիություն են ստացել:

Ամենաընթերցվածը