Բանակով ու եկեղեցով իշխանությունն այլեւս չի կարող մոլորեցնել

    • Իրավունք - 12 Հունվարի 2018, 14:40
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկման թեմա դարձած «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարին ու այդ դեպքով Քննչական կոմիտե-Ոստիկանություն հեռակա բանավեճին:

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում տարիներով ձևավորված համակարգը լուրջ ճաքեր է տալիս:

«Այս դեպքը ցույց տվեց, որ մի կողմից խնդիրների ծավալն է մեծացել, անպատժելիություն ասածն իր ամենածաղկուն դրսոևորումներն է ցույց տալիս, մյուս կողմից այլևս այդ ամենը թաքցնելու, կոնկրետ դեպքերը կոծկելու, դրանք կառավարելի դարձնելու հնարավորություններն են սուղ դարձել: Եվ տասնամյակների ընթացքում իրավապահ համակարգի ներսում գոյություն ունեցած խնդիրները նույնպես դուրս են բերվում, որովհետև հասկանալի է, որ երկար ժամանակ աշխատել են շատ կոշտ հսկողության ներքո և ոչ թե օբյեկտիվ հիմքեր են ունեցել միասին լինելու, այլ օբյեկտիվ հիմքեր են եղել դրանց միասին նույն վերահսկողության տակ պահելու համար: Եվ հիմա ռեսուրսները, որով պետք է Սերժ Սարգսյանը պահպանի այդ կառավարելիությունը, սուղ են դարձել արդեն: Իսկ ինքը կառավարելիության միայն մեկ գործիք ունի՝ ֆինանսները: Երկրորդ գործիքն այն էր, որ ինքը լեգիտիմ էր համարվում այդ կառույցների համար: Եվ սա նախ խոսում է այն մասին, որ համակարգի ներսում էլ լեգիտիմությունը խաթարված է»,- ասաց Սաքունցը:

Այս իրավիճակն, ըստ նրա, նաև պայմանավորված է նրանով, որ այն բնական ցիկլը, որը ձևավորվել էր ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի հետ կապված, որի հետ հույսեր ու նոր փոփոխություններ էին կապվում, դա իներցիայով շարունակվում է, չնայած բոլոր այն հավաստիացումներին, որ նույն անձը նոր պաշտոնով շարունակելու է իր իշխանությունը:

«Բայց երևում է, որ դա բավարար չէ իմ նշած պատճառներով՝ լեգիտիմության և ռեսուսրների պակասի: Մյուս կողմից, հանրությանը կերակրել ինչ-ինչ խոսքերով, լոզունգներով կամ հույսերով, դրանք էլ են արդեն սպառված, որովհետև հանրությունն այլևս չի գտնվում այն վիճակի մեջ, որի դեպքում ինքը կարող է գոյատևել, և այդ լոզունգները բավարար լինեն հասարակությանը կառավարելի դարձնելու համար»,- հավելեց նա:

Իրավապաշտպանն ասում է, որ նման դրսևորումները տարբեր տարիների եղել են՝ հիշեցնելով այլ աղմկահարույց դեպքերը: Դա որպես փաստ նորություն չէ, բայց այդ փաստի նշանակությունն է արդեն փոխվել հանրային ընկալման և համակարգի ընկալման տեսակետից:

«Համակարգը չի կարողանում այլևս դա տեղավորել: Բայց խնդիրն այն է, որ դրանց լուծումները բոլորովին այլ տեղ են գտնվում: Քանի որ իրավական մեխանիզմները չեն աշխատել, և համակարգում միայն քաղաքական որոշումներով են ղեկավարվել, ոչ թե իրավական, այդ պատճառով նման փաստերի հետևանքները ցցուն են դրսևորվում, որովհետև քաղաքական լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա: Եվ դրա համար են ամեն գնով փորձում եկեղեցու միջոցով, Ազգ-բանակ հայեցակարգով տեսարաններ հրամցնել հանրությանը: Բայց հանրությանն այլևս չեն կարող մոլորեցնել, որովհետև բանակում առկա խնդիրները հանրությունն այսօր տեսնում է և դրանցով մտահոգված է, իսկ եկեղեցին չունի լեգիտիմության պաշար հանրության մոտ: Եվ այս ֆոնին հասկանալի է, որ տնտեսությունը չես կարող կառավարել, մարդկանց պահանջներ չես կարող զսպել: Եվ դրա դրսևորումներից մեկն է Ոստիկանություն-Քննչական կոմիտե այդ հակասությունները: Կարծում եմ, որ նաև այլ մարմինների միջև հակասություններ կան, որոնք այսօր չեն երևում»,- հավելեց նա:

Ըստ Սաքունցի՝ Ոստիանությունն այսօր կարևոր խնդրի առաջ է կանգնած՝ այս գործով ենթարկվելու է հնարավոր քաղաքական որոշմանը, թե՞ իր ոստիկանների շահերն է պաշտպանելու, ովքեր վթարի հետևանքով զոհվել են:

Ամենաընթերցվածը