ՀՔԱՎ: 4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին

  • Իրավունք - 12 Հունվարի 2018, 11:42
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու  համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ): Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը