Հայաստանի «մաստեր-կլասը» Եվրամիության սրտում

    • Իրավունք - 11 Հունվարի 2018, 17:06
ՄԻԵԴ-ը բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի դիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել Արզումանյանին 2500 եվրո՝ նրա իրավունքը խախտելու համար: Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի հանրապետության դեմ ՄԻԵԴ բողոք է ներկայացրել իր հանդեպ 2007 թվականին թույլ տված անօրինական հետապնդման համար, երբ նրան մեղադրել էին փողերի լվացման համար եւ նույնիսկ կալանավորել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի քաղաքացիների բողոքներն ու դրանց մի զգալի մասի բավարարումը ամենեւին նորություն եւ արտառոց բան չէ, եւ Հայաստանի կառավարությունը մի քանի հարյուր հազար եվրո փոխհատուցում արդեն իսկ վճարել է ՄԻԵԴ տարբեր վճիռների հիման վրա:

Տվյալ պարագայում իրավիճակի ամբողջ հմայնքն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից Հայաստանի Հանրապետության դեսպանն է Դանիայում: Ըստ այդմ ստացվում է, որ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցնում է 2500 եվրո տուգանք վճարել Դանիայում Հայաստանի դեսպանի իրավունքը խախտած լինելու համար:

Իհարկե, երբ այդ իրավունքը խախտվել է, Ալեքսանդր Արզումանյանը դեսպան չէր, այլ ներկայացնում էր ընդդիմությունը, իսկ 2008 թվականին էլ նա նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, հետապնդվել է Մարտի 1-ից հետո: Ավելի ուշ Ալեքսանդր Արզումանյանը դարձավ ԱԺ պատգամավոր՝ Ազատ Դեմոկրատներ եւ Ժառանգություն կուսակցությունների միասնական ցուցակով: Հետո նա դուրս եկավ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից եւ դարձավ նոր Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախաձեռնող: Ի վերջո, 2017 թվականին նա Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Դանիայում Հայաստանի դեսպան: Ալեքսանդր Արզումանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում եղել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, նաեւ զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Թեեւ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ հայցը նա ներկայացրել էր այն կարգավիճակում, երբ ընդդիմություն էր, այդուհանդերձ հայցը բավարարվում է այն ժամանակ, երբ Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի դեսպանն է:

Միեւնույն ժամանակ ուշագրավ է այն, որ 2007 թվականին ոչ միայն Ալեքսանդր Արզումանյանի կարգավիճակն էր այլ, այլ ֆորմալ առումով մի փոքր այլ էր Հայաստանի իշխանության դասավորությունը, եւ Առաջին դեմքը Ռոբերտ Քոչարյանն էր: Այդ տարբերության էականության վերաբերյալ գնահատականը անկասկած հարաբերական է, քանի որ ինչ որ առումներով տարբերությունը հետագա տասնամյակի մասով էական է, իսկ ինչ որ առումով՝ ոչ:

Բոլոր դեպքերում, ստացվում է գուցե աննախադեպ իրավիճակ՝ ՄԻԵԴ-ը բավարարում է Հայաստանի Հանրապետության դեմ Հայաստանի դեսպանի դիմումը եւ կառավարությանը պարտադրում փոխհատուցում վճարել դեսպանին, տասը տարի առաջ նրա հանդեպ կատարված անօրինականության համար:

Իսկապես հետաքրքիր իրավիճակ է, քանի որ կառավարությունն էլ կարող է ասել, օրինակ, որ Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորությունում դեսպան նշանակելն արդեն իսկ յուրօրինակ փոխհատուցում է:

Իսկ մեկ այլ տեսանկյունից, իրավիճակը յուրօրինակ դեմոկրատական «մաստեր-կլաս» է Եվրամիության այսպես ասած սրտում՝ Հայաստանն այնքան ժողովրդավարական պետություն է, որ կառավարության դեմ կարող է հայց ներկայացնել նույնիսկ դեսպանը:

Կատակը կատակ, սակայն գուցե արժե առիթն օգտագործել Հայաստանում յուրօրինակ դիվանագիտական կամ պետական ավանդույթ ստեղծելու համար, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում;

Այնտեղ, ինչպես հայտնի է, գոյություն ունի «կառուցողական անհամաձայնության» անվանակարգը, որով պարգեւատրվում են պետական քաղաքականության գծից դուրս գործունեություն ծավալած դիվանագետները: Օրինակ, այդ պարգեւատրմանն արժանացավ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ցեղասպանության հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը չհետեւելու եւ «ճանաչող» արտահայտություններ անելու համար:

Ամենաընթերցվածը