Ում են «ֆռռացնում» նախարարն ու վարչապետը

  • Իրավունք - 11 Հունվարի 2018, 16:07
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այս տարվա ապրիլի մեկից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը Հայաստանում:

Նիստում տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ ով այսօր ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում, կարող է շահագործել և օտարել իր մեքենան:

Այդ դեպքում ինքնաբերաբար հարց է առաջանում, թե ինչու է որոշման մեջ գրված արգելել շահագործումը:

Հերթական անգամ բացահայտվում է խարդախ մտահղացում, որն անշուշտ միայն տրանսպորտի նախարարով չէ պայմանավորված: Ավելի շուտ տրանսպորտի նախարարի մտքով էլ չէր անցնի նման հարցով զբաղվել այն ժամանակ, երբ Հայաստանը հեղեղված է իրենց դարն ապրած անսարք և մթնոլորտը թունավորող բեռնատար և մարդատար ավտոմեքենաներով:

Հաջորդ հարձակումը վարչապետի կողմից սպասվում է գազի բալոններ տեղադրած ավտոմեքենաների վրա: Թե դա ինչպես է ավարտվելու՝ դեռ չգիտենք:

Բիզնեսն ունի իր օրենքները, որոնցից ամենակարեւորն այն է, որ առանց ջանք թափելու մարդկանցից փող վերցնեն: Այս տեսակետից բիզնեսի ամենադասական և օրինական ձևը մուրացկանությունն է, իսկ ամենաանօրինական ձևը պաշտոնավորված խաբեբայությունը, իմա՝ խարդախությունը:

Կառավարության կողմից, կամ էլ նրա կողմից հովանավորված բիզնեսմենների մուրացկանության օրինակներն այնքան շատ են, որ թվարկել չի չլինի, իսկ խարդախության, կամ ինչպես ասում են՝ ֆռռացնելու ինստիտուտը նոր է սկսում գործի մեջ մտնել:

Ինձ թվում է՝ այսքանը հասկանալով Ազգային ժողովը կառավարության որոշումը օրենք դարձնելիս կհանի շահագործում բառը:

ԱՌՆՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամենաընթերցվածը