«ԴԱՀԿ մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակ սահմանվում է արգելանքի տակ դրվող գույքերի հերթականությունը

  • Իրավունք - 07 Դեկտեմբերի 2017, 16:13
Ազգային ժողովում քննարկվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:    

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախագիծը չափազանց կարեւոր է, քանի որ առաջարկում է մի շարք փոփոխություններ՝ ուղղված հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները հնարավորինս սահմանափակելուն:

Նա նշեց, որ նախեւառաջ սահմանվել է հստակ ժամկետ հարկադիր կատարողի համար կոնկրետ կատարողական վարույթով որոշումներ կայացնելու համար:

«Կատարողական վարույթի տեւողությունը երկու ամիս  է, սակայն   այդ ընթացքում որոշակի կատարողական գործողության համար որոշումների հստակ ժամկետ չկա, եւ օրինակ՝ նույն գույքը աճուրդի ներկայացման որոշումը կայացվում է երկու ամսից մեկ օր առաջ՝ դրանով իսկ կասեցնելով երկու ամսվա ժամկետը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Հովհաննիսյանը եւ հստակեցրեց, որ տվյալ փոփոխությունը նախատեսում է, որ  հարկադիր կատարողը որոշումը կայացնի դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները ի հայտ գալու օրվանից եռօրյա ժամկետում` նախկին երկու ամսվա փոխարեն, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ նաեւ հստակ սահմանվել են հայցի ապահովման միջոցի կիրառման հետ կապված ընթացակարգերը, առաջին հերթին՝ գույքային հերթականությունը, ըստ որի՝ հարկադիր կատարողը որպես հայցի ապահովման միջոց կարող է արգելանք դնել անձի գույքի վրա:

«Հայցի ապահովման միջոց կիրառելու ժամանակ  կա հստակ հերթականություն. եթե խոսքը իրավաբանական անձի, տնտեսվարող սուբյեկտի մասին է,  հարկադիր կատարողը նախեւառաջ արգելանք է դնում  անշարժ գույքի, երկրորդ՝ արտադրության մեջ անմիջականորեն չներառված միջոցների վրա. եթե  չի բավականացնում, ապա անավարտ արտադրանքի վրա, ապա պատրաստի արտադրանքի, հետո նոր շարժական գույքի վրա: Եթե այնուամենայնիվ, այս ամենը չի բավականացնում,  հայցագնի չափից պակաս է, այդ դեպքում  մենք հնարավորություն ենք տալիս հարկադիր կատարողին արգելանք դնել ֆինանսական միջոցների վրա»,-ասաց Արդարադատության փոխնախարարը:

Ամենաընթերցվածը