Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով դատավորների թիվը բավարար չէ

  • Իրավունք - 07 Դեկտեմբերի 2017, 10:56
Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով դատավորների թիվը բավարար չէ, այսօր խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Այս նախագիծն ուղղված է բեռնաթափելու Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, Վարչական վերաքննիչ դատարանում մեկ լրակազմ կավելանա՝ երեք դատավորի հաստիք:

Բացի այդ, ըստ փոխնախարարի, փոփոոխություններ են կատարվում մի շարք օրենքներում, որոնցով փորձ է արվում Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնել այն գործերով, որոնց ժամանակ վարչական մարմնի ընդունած ակտի վերաբերյալ հասցեատերը չի առարկում և այդ ակտի իրավաչափության հարց չի բարձրացնում:

«Այսօր Վարչական դատարան բողոք ներկայացնելիս այն քննության է առնում 2019 թվականի հուլիսից ոչ շուտ: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ համապատասխան դատավորների նշանակումից հետո այդ գործերը կքննվեն 2018 թվականի ընթացքում: Մենք բազմիցս ահազանգել ենք, որ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով դատավորների թիվը քիչ է: Եվ պետք է այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, բայց միայն դատավորների թվի ավելացումը հարցը չի լուծում: Վեճերի լուծման այլընտարնքային գործուն մեխանիզմներ պետք է ներդրվեն, ինչպես նաև գործերը պետք է բաշխվեն հավասարաչափ»,- ասաց փոխնախարարը:

Ամենաընթերցվածը