Մեր ոստիկանների ուշքը չի գնացել, որ առավոտ շուտ վեր կենան, որ գնան ընտանիքը քանդեն. Հրայր Թովմասյան

  • Իրավունք - 06 Դեկտեմբերի 2017, 16:25
«Այս օրենքի դեմ երկու ծայրահեղ դիրքորոշում եղավ, հասարակությունը բաժանվեց երկու մասի: Մի մասը կարծում է, որ այս օրենքը մեր ընտանիքները քանդելու է, մյուս մասն ասում է՝ փրկելու է: Ոչ նա է լինելու, ոչ էլ նա»,- այսօր Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ այս ամենի արանքում մի հարց է լուծվելու: «Ցավով  պետք է նշենք, որ ունենք ընտանիքներ, որտեղ այդ կնոջը ծեծելն առավոտյան ատամը լվանալու պես մի բան է դարձել: Եվ եթե հիմա ուզում ենք, որ դա սովորական շարունակվի և ասենք՝ դե լավ, ոչինչ այդպես է, չհասկանանք, որ այդ ընտանիքում մեծացող երեխան հետո իր կենցաղում ինչ է անելու, բանակում ու դպրոցում ինչ է անելու, եկեք ասենք՝ չէ: Դա այն խնդիրն է, որն իմ կարծիքով պետք է լուծվի»,- ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ տպավորություն կա, թե այս օրենքն ընդունվելուց հետո մեր ընտանիքներում ու անձնական փոխհարաբերություններում բարոյական սովորական նորմերով գործող հարաբերությունները վերանալու են: «Չէ, ըտենց չի լինելու, ոչ ոք չի կարող վերացնել, մենք ունենք այդ ավանդույնթերը, որոնք պահպանելու ենք: Մեր ոստիկանների ուշքը չի գնացել, որ առավոտ շուտ վեր կենան, որ գնան ընտանիքը քանդեն: Հայ մարդիկ են, պետք չի, կարող են ինչ-որ խնդիրներ առաջացնել, բայց այդպես չի կարելի նրանց գնահատել»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ այս օրենքի անհրաժեշտությունը կա:

Ամենաընթերցվածը