«Շիկահող» արգելոցում ապօրինի ծառահատումների գործով հետապնդում է հարուցվել մեկ պաշտոնատար անձի նկատմամբ

  • Իրավունք - 06 Դեկտեմբերի 2017, 12:01
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում  2017թ.  նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր Սյունիքի մարզային քննչական վարչությանը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների արդյուքնում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել էր, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքն առերևույթ կատարելու կասկածանքով Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու և արգելոցի տարածում ապօրինի ծառահատման հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ամենաընթերցվածը