Հերթական հաղթանակը կարմիր գծերի գործով. իրավագետը կոչ է անում չվճարել տուգանքները

  • Իրավունք - 04 Դեկտեմբերի 2017, 16:53
ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է «կարմիր գծերի» գործով դատարանում տարած հերթական հաղթանակը: Գործը հասել է Վճռաբեկ դատարան, և հօգուտ տուգանված քաղաքացու վճիռ է կայացվել:

«Կարմիր գծերին կայանելու և իբր թե գումարը չվճարելու համար քաղաքացուն տուգանել էին: Մտանք դատարան, ապացուցեցինք, որ նա վճարել է, ուղղակի իրենք  անփույթ են աշխատում և վճարները չեն տեսնում: Այնքան ագահ են ու շահամոլ, որ անկախ վճարել-չվճարելուց, անընդհատ մարդկանց տուգանում են: Ով հետևողական ու համարձակ է, խորանում է, հասկանում է, որ դա ոչ թե տեխնիկական սխալ է, միտումնավոր բոլորին տուգանում են, և քաղաքացին հաղթում է դատարանում»,- Lragir.am-ի հետ զրույցում այս Տիգրան Սարգսյանը:

Նա հերթական անգամ կոչ է անում քաղաքացիներին չվճարել «կարմիր գծերի» համար: Ըստ նրա՝ սպասարկող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը «կարմիր գծերում» 15 րոպե անընդհատ կայանելու փաստ երբեք չի կարողանում ներկայացնել: Շրջիկ մեքենայով երկու լուսանկար են ցույց տալիս, մեկը, օրինակ, ժամը 10:00-ին, մյուսը՝ 10:20 րոպեին: Բայց ապացույց, որ 10:00-10:20 մեքենան անընդհատ կայանել է, չեն կարողանում ներկայացնել, եթե տեսախցիկներ տեղադրված չեն:

«Իսկ նրանց տեսախցիկներն այնքան անորակ են ու լիցենզավորման խնդիրներով են տեղադրված, որ դա էլ է վիճարկման հիմք: Այնպես որ, կոչ եմ անում բոլորին չմատուցած ծառայության դիմաց չվճարել, մտնել դատարան, և հաղթանակ կլինի: Վճռաբեկ դատարանի այս վճիռը կարող է որպես նախադեպ լինել մյուս դեպքերի համար»,- ասաց մասնագետը:

Նա նկատում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը շատ է ծանրաբեռնվում նմանօրինակ անհեթեթ գործերով: Այսօր Վերաքննիչ վարչական դատարան դիմողների համար նիստեր են նշանակվում 2019 թվականին, քանի որ դատարանը գերծանրաբեռնված է: Տիգրան Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի մասնագետներին կոչ է անում անիմաստ ծանրաբեռնվածություն չստեղծել:

«Քաղաքապետարանը պարտվում է առաջին ատյանում, հստակ գիտեն, որ իրենք մեղավոր են ու սխալ, բայց չեն ափսոսում, 4 000 դրամ պետական տուրք են վճարում, մի հատ էլ 10 000 դրամ են վճարում՝ Վերքաննիչ դիմելու, 20 000 դրամ էլ՝ Վճռաբեկ դիմելու համար: Այսինքն՝ փաստացի 34 000 դրամ ծախսում են, որպեսզի քաղաքացուց քերեն այդ 5000 դրամը: Բայց այդ փողերն իրենցը չէ, հասարակության փողերն են, մեր վճարած հարկերն են»,- ասաց նա:

Իրավագետն անդրադառնում է նաև դատական ոլորտում առկա այլ խնդիրների: Նա առաջարկում է ոլորտում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ հայցադիմումների ընդունման, դիմում-բողոքների հանձնման համար, ինչը թույլ կտա խուսափել սխալներից: Փաստաբաններն, ըստ նրա, պետք է հնարավորություն ունենան հայցերը դատարան ուղարկել օնլայն եղանակով:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը