ՄԻԵԴ-ը կասեցրել է Սուրեն Խաչատուրովի հանձնումը ՌԴ-ին. Թելման Իսմայիլովը շինծու գործ էր սարքել նրա դեմ. News.am

  • Իրավունք - 02 Դեկտեմբերի 2017, 19:58
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի կասեցվել է ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատուրովի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաեւ ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամաբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից եւ շինծու քրեական գործ է սարքել իր պաշտպանյալի դեմ:

«Թելման Իսմաիլովը սկզբից փորձել է հաշվեհարդար տեսնել Սուրեն Խաչատուրովի կնոջից, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետեւ Սուրեն Խաչատուրովին սպառնացել է, որ քրեական հետապնդում կսկսի նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովին աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ փորձելու են կաշառք տալ նրան եւ այդպիսով գործ սարքել, սակայն, նա այդ մասին տեղեկացրել է անվտանգության ծառայությանը, եւ տվյալ օրը աշխատանքի չի գնացել: Բայց նրա նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություներից չի կարող պաշտպանվել եւ լքել է Ռուսաստանի տարածքը»,-ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իր պաշտպանյալը վատառողջ է եղել, գտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ արդեն 8 ամիս է նա անազատության մեջ է գտնվում:

«Եվրոպական միջազգային պայմանագրերի համաձայն, թույլ չի տրվում մարդու հանձնումը, եթե անձը ծանր հիվանդությամբ (ինսուլտ) է տառապում: Թեպետ մեր պետական մարմինների եւ բժշկական հաստատությունների կողմից տրվել էին գրություններ, որ նրան հնարավոր չէ տեղափոխել ՌԴ ոչ ցամաքով, ոչ օդով, անգամ հնարվոր չէ տեղափոխել դատարան, կյանքի սպառնալիքի տակ, նրան դատարան են տեղափոխել: Այդ պայմաններում դատավարություն են արել եւ որոշում կայացրել նրան ՌԴ արտահանձնելու մասին: Դատարանը դռնփակ դատական նիստ է կայացրել՝ առանց փաստաբանի, չի թույլատրել, որ դատավարությանը մասնակցեն մեղադրյալի ազգականները, մամուլի ներկայացուցիչները: Սակայն, քանի որ մենք նախապես ՄԻԵԴ էինք դիմել, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որպեսզի անհապաղ նրա հանձնման գործընթացը կասեցվի, որի արդյունքում էլ Սուրեն Խաչատուրովը ազատության մեջ պետք է հայտնվի, քանի որ պահման առավելագույն ժամկետը լրանում է այս ամսվա 11-ին: Նման որոշում ստանալուց հետո մեր դատախազությունը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել»,-ասաց պաշտպանը:

Ամենաընթերցվածը