Ի՞նչ են անում ՊԵԿ աշխատակիցները ոչ աշխատանքային ժամերին հարկատուների գրասենյակներում

  • Իրավունք - 14 Նոյեմբերի 2017, 18:09
Վերջին շրջանում, մի շարք հարկատուների ներկայացուցիչների մտահոգություններն ստանալուց հետո, 11.10.17 թ. որոշեցինք դիմել ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ա. Սաֆարյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել մի շարք հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես, խնդրել էինք տեղեկացնել` ունի՞ արդյոք իր ղեկավարած տեսչություն-վարչությունն իր հաշվեկշռում շարժական անձնական համակարգիչներ (Notebook-եր), տրամադրել դրանց գույքային համարները, պատասխանատու անձանց, մոդելը և տարեթիվը և հայտնել, թե իր հանձնարարությամբ իր ղեկավարած ՀՏ-Վ որևէ աշխատակցի տրամադրվե՞լ է որևէ տեսակի (այդ թվում վերը նշված տեսակի) հիմնական միջոց իր աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ՀՏ-Վ շենքից դուրս բերման իրավասությամբ, և եթե այո, ապա՝ ու՞մ, ի՞նչ հիմնական միջոց ու ի՞նչ նպատակով:

Խնդրել էինք տրամադրել նաև կրկին իր հանձնարարությամբ արտաժամյա աշխատանք կատարած իր աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվություն:

Սակայն արի ու տես, որ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ա. Սաֆարյանին հայտնի չէ ոչ իր ղեկավարած ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող հիմնական միջոցների և ոչ էլ իր ենթակայության տակ գործող աշխատակիցների կողմից արտաժամյա աշխատանքի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ ՊԵԿ Խ և ՄՀՎ ՀՏՎ-ին սպասարկող ՀՎՍՎ թիվ 20 բաժնի պետ Ա. Սաֆարյանին ուղղված մեր հարցումը վերահասցեագրվել է ՊԵԿ Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնին:

Հենց այդ՝ Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի աշխատակից Հեղինե Թորոսյանի կատարմամբ և նույն վարչության պետ Ա. Մնացականյանի ստորագրությամբ 18.10.17 թ. գրությամբ մեզ հայտնվել է, որ պահանջված տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի այն չի կարող տրամադրվել օրենքով սահմանված 5 աշխատանքային օրում: Իր այս գրությամբ Ա. Մնացականյանը հայտնում է, որ տեղեկատվությունը կտրամադրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

ՊԵԿ Իրավաբանական վարչության պետի՝ տեղեկատվության տրամադրման այս հապաղումը մեզ համար միանգամայն հասկանալի է: Ի վերջո ակնհայտ է, որ իրավաբանական վարչությունը թերևս ինքը պետք է մեկ այլ վարչությունից, տվյալ պարագայում Խոշոր և միջին հարկ վճարողների Հարկային տեսչություն-վարչությունից հարցնի և ստանա պահանջվող տեղեկատվությունն այն պարզ պատճառով, որ ինքը չէ այն տիրապետողը:

Այստեղ տարրօրինակն այն է, որ փաստորեն ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ա. Սաֆարյանը չի տիրապետում իր իսկ ղեկավարած ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող հիմնական միջոցների, ինչպես նաև իր իսկ ենթակաների կողմից կատարվող աշխատանքի աշխատաժամանակի տևողության վերաբերյալ տեղեկատվությանը:

Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչու՞ Ա. Սաֆարյանը ոչ միայն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, այլև վերահասցեագրել է այն այդ տեղեկատվության հետ ուղղակի առնչություն չունեցող մեկ այլ վարչության:

Մեկ այլ տարբերակ է, որ Խոշոր հարկ վճարողների տեսչության պետն ինչ որ նկատառումներից ելնելով պարզապես չի ցանկանում տրամադրել այս տեղեկատվությունը:

Բանն այն է, որ ըստ մի շարք հարկատուներից ստացվող տեղեկությունների՝ հենց Ա. Սաֆարյանի ղեկավարած վարչության՝ Խոշոր և միջին հարկատուների ՀՏ-Վ աշխատակիցներն են, որ ստուգումների իրականացման գործընթացներում գտնվում են հարկատուների գրասենյակներում ու գործունեության վայրերում ոչ աշխատանքային ժամերի՝ երեկոյան ժամը 6-ից հետո, և հենց նույն վարչության աշխատակիցներն են պահանջում ստուգման ենթարկվող հարկատուների վերաբերյալ տարատեսակ, ծառայողական նպատակներով ստացվող և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, ստանում և այս կամ այն կերպ պահպանում են տարբեր համակարգչային սարքերում և տեղեկատվության կրիչներում, այդ թվում նաև համացանցում:

Անկեղծորեն հուսալով, որ այս ամենը կատարվել է առանց Ա. Սաֆարյանի գիտության, այնուամենայնիվ ակնկալում ենք, որ վերջինիս կողմից կամ ՊԵԿ որևէ այլ ստորաբաժանման կողմից ոչ միայն կտրամադրվի, այլև սեփական նախաձեռնությամբ իրականացվելիք ներքին կարգապահական վարույթի շրջանակներում կբացահայտվի ու կպարզաբանվի, թե արդյոք առանձին համակարգիչներով և այլ սարքերով հարկատուներին այցելած աշխատակիցները գործել են օրենքի շրջանակներում, արդյոք այդ սարքերը եղել են ՊԵԿ հաշվեկշռում գտնվող սարքեր, թե՞ միգուցե եղել են տվյալ աշխատակիցների անձնական և ոչնչով չպաշտպանված սարքերը, ի՞նչ տեղեկատվություն է ստացվել և պահպանվել դրանցում, ինչպես նաև հարակից մյուս բոլոր հարցերը՝ ինչով հարկատուների անհանգստությունը կփարատվի կամ առնվազն կպարզաբանվի, և կբացառվի առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հնարավոր արտահոսքը, իսկ իրենց լիազորությունների շրջանակներից դուրս եկած աշխատակիցները (եթե այդպիսիք կլինեն) կենթարկվեն սահմանված պատասխանատվության:

Հ.Գ. Հարցումը կատարվել է 11.10.17թ.-ին, իսկ այսօր արդեն 14.11.17թ.-նն է. Արդեն 34 օր է ինչ հարցման պատասխան չի ստացվել:

Քաղաքացի-Հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն

Ամենաընթերցվածը