Գործարարներն ահազանգում են, որ իրենց բիզնեսը վտանգված է

    • Իրավունք - 13 Նոյեմբերի 2017, 18:01
«Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն ահազանգում է այն խոչընդոտների մասին, որոնք ծագել են լիբանանահայ գործարար Օհաննես Ստեփանյանի բիզնեսի ճանապարհին:

Եղոյանի խոսքով՝ 2012 թվականից Վայոց Ձորի Շատին համայնքում՝ Եղեգիս գետի ափին, Օհաննես Ստեփանյանի հետ միասին որոշել են բիզնես հիմնել:

«Ես ու Օհաննես Ստեփանյանը, առանց իշխանությունների աջակցության, գյուղացիների հետ միասին փորձեցինք ծրագիր իրականացնել: Հասանք նրան, որ եզակի տնտեսություն ստեղծեցինք, մոտավորապես 500 գլուխ մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերեցինք: Դրանց թվում սովորական այծեր ու ոչխարներ չեն, հայկական լեռնաշխարհի եզակի տեսակներ են, որոնք գնել ենք գյուղացիներից, այդ թվում՝ վերացող տեսակներ կան: Ծրագրի նպատակը բազմապրոֆիլ գյուղատնտեսություն զարգացնելն է՝ մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ, ջայլամաբուծություն, գոմեշաբուծություն, ձկնաբուծություն: Նաև պատրաստվում էինք Եղեգես գետի ափին ավանդական ջրաղաց ստեղծել»,- ասաց Տիգրան Եղոյանը: Բացի այդ, գործարարը նախատեսում էր Եղեգիս գետի ափին իրականացնել Վերնատուն ծրագիրը, ինչը գյուղացիներին հնավորություն կտար ծանոթանալ մշակույթի գործիչների հետ:

Ավանդական ջրաղացի, գոմեշաբուծության ու ձկնաբուծության ծրագիրը չի հաջողվել կյանքի կոչել, քանի որ, պարզվել է, Եղեգիս գետը ցամաքել է: Գործարարները դիմել են Բնապահպանության նախարարություն, պատասխան են ստացել, որ ոռոգման նպատակով է ջուրը բաց թողնվել: Այնինչ, Տիգրան Եղոյանի խոսքով, իրականում ջուրը ցամաքել է տարածքում գործող ՀԷԿ-երի պատճառով: Մինչ կփորձեին այս խնդիրը լուծել, տարածքում հիմնել էին անասնագոմեր՝ 500 մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներով, աշխատատեղով ապահովել 12 ընտանիք: Սակայն սկսած 2015 թվականի վերջերից խնդիրներ են ծագել:

Տիգրան Եղոյանի խոսքով՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունը իրենց սեփականություն համարվող տարածքին հարակից հատվածում բարձր լարման էլեկտրասյուներ կառուցելու շինարարություն է սկսել, գործարարի տարածքից որոշ հատված ճանաչվել է հանրային գերակա շահ: Եղոյանը պնդում է, որ առանց փոխհատուցում տալու մտել են իրենց սեփական տարածք ու շինարարություն սկսել, բիզնեսը վտանգվել է: Ըստ նրա՝ այս ամենն արվել է Շատինի նախկին գյուղապետի հետ հանցավոր համաձայնության գալով:

«Այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ այդ տարածքում ուղղակի անհնար է գործունեություն ծավալելը: Գործարարը այդ տարածքը գնել է, դա իր սեփական տարածքն է, բայց առանց սեփականատիրոջ իրավունքը հաշվի առնելու Շատինի նախկին գյուղապետը Բարձրավոլտ էլցանցեր ընկերությանը լիազորագիր տվեց՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու համար: Այսինքն՝ սեփական տարածքի վրա նման թուղթ է տվել: Մենք երբեք փոխհատուցման մասին չենք մտածել, այլ մեր տնտեսության զարգացման հարց է եղել: Մեր տնտեսությունն ուղղակի քանդվեց: Ստեղծվեց մի իրավիճակ, որ շինարարության հետևանքով այդ ամբողջ քարաբեկորները գլորվում էին անասնագոմերի վրա, անասնագլխաքանակը չէր կարողանում արոտավայր բարձրանալ, սողանքներ առաջացան»,- ասաց Տիգրան Եղոյանը:

«Գեղաստղ» ծրագրի հիմնադիրներն ընդեմ ԲԷՑ-ի դիմել էին դատարան՝ պահանջով, որպեսզի տարածքում արգելվեն շինարարական աշխատանքները: Հայցում բարձրացվել է հարցը, որ առկա է տնտեսական հանցագործություն, սեփականատիրոջ իրավունքների կոպիտ խախտում: Սակայն ԲԷՑ-ից դիմել են գործարարներին և խնդրել հաշտություն կնքել: Այս փուլում հաշտեցման գործընթացն է: Տիգրան Եղոյանն ասում է, որ սպասում են, որպեսզի ԲԷՑ-ից փոխհատուցում տան, որպեսզի իրենց տարածքից քիչ հեռու նոր անասնագոմեր կառուցեն: Իսկ մինչ այդ անասնագլխաքանակը գտնվում է Գեղարքունիքի մարզում, կորուստներ են եղել, քանի որ ցրտի պատճառով այծերի ձագերը սատկել են:

Տիգրան Եղոյանն ասում է, որ սա մի օրինակ է, թե ինչպես են Հայաստանում ոչնչացնում բիզնեսը: Նրանք այս տարիներին նամակով դիմել են վարչապետին ու համապատասխան նախարարություններին, բայց խնդրին լուծում չի տրվել: Նրա խոսքով՝ նման դեպքերի պատճառով են սփյուռքահայ գործարարներն այսօր խուսափում Հայաստանում ներդրումներ անել:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը