Բանակում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ ծառայությունից խուսափելը դիտարկվի խայտառակություն

    • Իրավունք - 11 Նոյեմբերի 2017, 17:22
Արտերկրում գտնվող հայերից շատ քչերն են օգտվում այն հնարավորությունից, որ կարող են նախքան 27 տարին լրանալը բանակում չծառայած տարիների համար գումար վճարել, գալ Հայաստան ու խուսափել քրեական պատասխանատվությունից: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխություններին:

Նշենք, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է այս օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող և 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել և ազատվել հետախուզումից: 

Նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր յուրաքանչյուր զորակոչի համար վճարի չափ սահմանել 500 հազար դրամը, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց այդ չափը սահմանել 200 հազար դրամ՝ ներկայիս 100 հազարի փոխարեն:

Այսպիսով, մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր նրանք, ում 27 տարին կլրանա, կարող են ամեն զորակոչի համար 200 հազար դրամ վճարելով, ազատվել հետապնդումից ու վերադառնալ հայրենիք:

«Ես պրակտիկայում չեմ հիշում, որ շատերը դիմած լինեն՝ այդ որոշումից օգտվելու համար: Բայց մի բան հստակ է, որ ինչքան գումարի չափը բաձրացնեն, այնքան հավանակությունը կնվազի, որ մարդիկ փորձեն օգտվել այդ օրենքից: Դա մի պարզ պատճառ ունի, մարդիկ ֆինանսական հնարավորություններ չունեն: Այնպես չէ, որ եթե նրանք արտասահմանում են ապրում, բոլորն ունեն մեծ հնարավորություններ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ մի կողմից իշխանություններն ասում են, որ ժողովրդագրական խնդիրների մասին են մտածում, բայց գործողությունների տրամաբանությունը լրիվ հակասում է այդ մտահոգություններին:

«Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե 500 հազար դրամ լիներ, ավելի կբարդանար վիճակը: Ինձ հետ արդեն արտասահմանից կապվել են ու մտահոգվել, թե արդյոք՝ այդ 9 մլն դրամը, որը նախատեսվում էր նախնական նախագծով գանձել, նախորդ դեպքերի վրա տարածվո՞ւմ է, թե ոչ: Այսինքն՝ կոնկրետ մարդը ցանկություն ուներ գալ Հայաստան, բայց գումարի հետ կապված մտահոգություն ուներ»,- հավելեց նա:

Նա նշեց, որ ընդհանրապես մինչև 27 տարեկան չծառայած երիտասարդների համար փոխհատուցման որոշումը պետք է հանվի և կիրառվի հանցագործության վաղեմության ժամկետի դրույթը:

Երկրորդ, օրենսդիրները պետք է գիտակցեն, որ պատժողական մոտեցումենրով խնդիրը չի լուծվի, որովհետև նախ պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն երկրում՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատության ապահովում, տնտեսական ազատություններ, նորմալ ընտրություններ: Եվ նաև, ըստ Սաքունցի, հենց զինված ուժերում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ մարդկանց համար զինվորական ծառայությունից խուսափելը դիտարկվի որպես խայտառակություն: Այնինչ, այսօր այն իրավիճակն է, որ հասարակության մեծամասնության համար բանակից խուսափողները չեն համարվում հանցագործներ:

«Եթե դու ոչ մի բան չես առաջարկում՝ ապահովություն, անվտանգություն, արժանապատիվ վերաբերմունք ծառայողի նկատմամբ, բայց նրա նկատմամբ պատժողական մոտեցում ես ցուցաբեում, ապա այդ դեպքում բանակից խուսափելը դառնում է որպես գերակա մոտիվ: Դու՝ որպես պետություն, չես արել այնպիսի բարեփոխումներ, որ մարդիկ չխուսափեն բանակից: Քո չարածների համար են հիմա մարդիկ խուսափում», ասաց իրավապաշտպանը:

Ամենաընթերցվածը