ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների օգտագործումը կարող է թույլատրվել հանձնուկների ինստիտուտի միջոցով

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2017, 15:30

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բջջային հեռախոսների թույլատրումը քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է հեռախոսների կիրառումը թույլատրվի ՔԿՀ-ներում, սակայն միայն հանձնուկների ինստիտուտի միջոցով:

«Բջջային հեռախոսները նոր մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկների համար: Տույժերի մեծ մասը կապված է բջջային հեռախոս ունենալու հետ: Բջջային հեռախոսները բավականին տարածված են, ծայրահեղ աղքատ մարդը միայն չի կարող ձեռք բերել: Մենք առաջարկում ենք օրինականացնել դրանց կիրառումը քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց  ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անձը հեշտությամբ ձեռք է բերում հեռախոս: Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել, սահմանել հեռախոսների գրանցում: Ընտանիքի հետ կապը նաև կանխարգելիչ, անձի ուղղման գործառույթ է իրականացնում, նա չի կտրվում հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է: «Հեռախոսները, այսպես թե այնպես, մուտք են գործում ՔԿՀ-ներ, սակայն՝ կոռուպցիոն մեխանիզմով:  Եվ կոռուպցիան կանխելու նպատակով ևս օրինականացումը կարևոր է»,-ասաց նա:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ռազմավարությունում իրենք նշել են նաև համապատասխան կետ՝ դիտարկել բջջային հեռախոսների թույլատրման  հարցը: Սակայն վերլուծությունները վկայում են, որ աշխարհում շատ քիչ երկրներ են դրանք թույլատրում: Չթույլատրելու պատճառներից մեկն այն է, որ հեռախոսներն օգտագործվում են հանցագործություններ, խարդախություններ կատարելու համար: «Մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք մի քանի եղանակով: Նախ՝ փորձում ենք ներդնել հանձնուկների ինստիտուտ: Բջջային հեռախոսները կարող են ներթափանցել ՔԿՀ-ներ հանձնուկների ինստիտուտով»,- եզրափակեց Քրմոյանը:

Ամենաընթերցվածը