ՊԵԿ առավոտյան անակնկալը հարկատուներին

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2017, 11:38
Այսօր առավոտյան ՊԵԿ էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս հարկատուներն ստացել են ՊԵԿ անակնկալը յուրահատուկ ծանուցման տեսքով:

Ընդ որում, ծանուցումը կամ վերջինիս ծանոթացումը հարկատուների համար անայլընտրանք է, քանի որ ըստ առկա գրառման ու կարգավորումների հնարավոր չէ մուտք գործել էլեկտրոնային համակարգ, քանի դեռ հարկատուն չի ստորագրել ծանուցումը և չի ներբեռնել ՊԵԿ կայքում:

Հետաքրքիր է, որ ըստ ՊԵԿ կայքի հաղորդագրության, այն կարող է ստորագրել և ներբեռնել որևէ էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձ: Իսկ այդպիսիք կարող են բազմաթիվ լինել՝ առաքիչ, հաշվետար, գանձապահից մինչև գլխավոր հաշվապահ և տնօրեն: Առկա են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատանքի առանձնահատկություններից ելնելով այս կամ այն փաստաթուղթը, այս կամ այն հաշվարկը կամ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստորագրելու թույլտվություն են տրամադրում տարբեր աշխատակիցների՝ ասենք օրինակ կադրերի գծով որևէ մասնագետի, ու հնարավոր է, որ իր աշխատանքը շարունակելու համար այդ մասնագետը պարզապես ստորագրի և ներբեռնի ծանուցումը՝ առանց տեղեկացնելու այդ մասին պատասխանատու աշխատակցին:

Այսինքն, ՊԵԿ համար էական չէ, այդ ծանուցումը կծառայի իր նպատակին, թե ոչ, կարևորն այն է, որ այն որևէ մեկի կողմից ստորագրվի և ներբեռնվի համակարգ: Թերևս այն նպատակով, որ հետագայում հնարավոր լինի հայտարարել «հետո չասեք, թե չէինք զգուշացրել»:

Հետաքրքիր է նաև ծանուցման բովանդակությունը: Դրանում ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկատուները հարկային մարմնի էլ. համակարգի «անձնական գրասենյակ» բաժնում տեղադրված հարկատուի անձնական քարտում առկա մնացորդների՝ դրանցում առկա անհամապատասխանությունների կամ անճշտությունների վերաբերյալ հարցերի դեպքում պետք է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը դիմեն համապատասխան բաժիններ՝ ճշտումների կատարման նպատակով:

Հակառակ պարագայում, ինչպես հայտնում է ՊԵԿ-ը. «…կհամարենք, որ առկա մնացորդները Ձեր կողմից ընդունված են»:

Ստացվում է, որ ՊԵԿ-ը մի կողմից հնարավոր է համարում այդ մնացորդներում անճշտությունների առկայությունը, մյուս կողմից գտնում է, որ ընդամենը մեկ ծանուցմամբ կարելի է դրանք համարել ընդունված:

Ասենք, օրինակ, նշված բաժնում ՊԵԿ կողմից արտացոլված է հարկային պարտավորության ինչ որ X գումար, սակայն իրականում հարկատուն փաստացի վճարել է և պետք է ունենար պարտավորության փոխարեն գերավճար ինչ որ Y գումարի: Փաստորեն, եթե հարկատուն ինչ ինչ պատճառներով չի հասցնում հարկային մարմնին դիմել մինչև նոյեմբերի 15-ը (մոտ մեկ ամսվա ընթացքում), ապա հարկային մարմինը համարելու է, որ հարկատուն ընդունել է իր իրականում գոյություն չունեցող պարտավորության գումարները, և դրանք այլևս փոփոխման ենթակա չեն:

Ծանուցման բովանդակությունը ենթադրում է, որ ՊԵԿ-ն իր կողմից նշված ժամկետից հետո իրեն դիմած և առկա ցուցանիշների վերաբերյալ անհերքելի ապացույցներ ներկայացնող հարկատուին պատասխանելու է. «դուք ուշացել եք»:

Նախատեսված է արդյոք ՀՀ գործող օրենսդրությամբ կամ արդեն 2018 թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով հնարավորություն հարկային պարտավորությունները (մնացորդները) հարկատուի կողմից ընդունված լինելու հիմքով անփոխարինելի լինելու, մեկ ծանուցման հիման վրա անփոխարինելի լինելու գործընթաց: Իհարկե՝ ոչ:

Կարո՞ղ է արդյոք ՊԵԿ-ը ստանձնել օրենքով չնախատեսված լիազորություններ, օրինակ հարկատուների համար այս կամ այն գործողությունները կատարելու օրենքով չնախատեսված, սեփական հայեցողությամբ սահմանված վերջնաժամկետներ սահմանելու մասով: Ակնհայտ է, որ նույնպես ոչ:

Այս ամենի, ինչպես նաև դեռևս ոչ բավարար վստահության արդյունքում հարկատուներից շատերը կարո՞ղ են այստեղ իրենց անձնական քարտի մնացորդների մանիպուլյացիայի ցանկության միտում տեսնել՝ կարծես թե այո:

ԷԴԳԱՐ ԲԱԼԱՅԱՆ

Ամենաընթերցվածը