ՊՆ-ի՝ բոլորին զորակոչելու մոտեցումը պատժողական է. Արթուր Սաքունց

  • Իրավունք - 11 Հոկտեմբերի 2017, 14:35
«Զինծառայության նկատմամբ այս նոր մոտեցումները միանշանակ պայմանավորված են ժողովրդագրական խնդիրներով»,- «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ ակնհայտ է, արտագաղթի ֆոնին կառավարությունը ցանկանում է անհրաժեշտ լրակազմով ապահովել բանակը և նոր նախաձեռնություններով է հանդես գալիս:

«Հիմա, եթե մենք ուզում ենք, որ բոլորին անպայման զորակոչենք՝ իբր կիրառելով սոցիալական արդարության սկզբունքը, դա համարում եմ պատժողական մոտեցում: Ինչո՞ւ, որովհետև կրթությունը շահագործելու միջոցով կոռուպցիոն ռիսկերը կշարունակեն գործել, փողը կտա, Քեմբրիջ կգնա: Իսկ փողատերերը մենք գիտենք, թե ովքեր են: Սա սոցիալական արդարության խնդիր չի լուծում»,- ասաց Սաքունցը:

Նա մեջբերեց «Պաշտպանության մասին» օրենքի այն դրույթը, որ զինված ուժերն ապաքաղաքական են, այնտեղ արգելվում է ցանկացած, այդ թվում՝ կրոնական քարոզչությունը: Հետո նշվում է՝ բայց Հայ առաքելական եկեղեցու կողմից զինված ուժերում գործունեություն ծավալելն առանձին օրենքով է սահմանվում:

«Ես ելնում եմ ՀՀ Սահմանադրության դրույթից, ոչ թե մեր ցանկություններից: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ զինված ուժերը պետք է միայն զբաղվի պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովմամբ: Էդ երկու տարին էլ եկեղեցին թող մարդկանց հանգիստ թողնի, երկրի պաշտպանությամբ զբաղվող մարմնի ներսում եկեղեցին անելիք չունի: Եթե մյուսներին արգելում եք կրոնական քարոզչությամբ զբաղվել բանակում, ապա ինչո՞ւ պետք է այս մյուսին թույլատրեք հատուկ օրենքով գործողություններ իրականացնել բանակում, ինչը սահմանադրական նորմի հստակ խախտում է»,- ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը նաև նշեց, որ սոցիալական արդարությունը պայմանավորված չէ միայն զորակոչի ժամանակ գործողութուններով: Նաև զինծառայության ընթացքում պետք է ապահովել այդ արդարության սկզբունքը, իսկ այստեղ շատ հարցերի պատասխաններ չկան:

Ամենաընթերցվածը