Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

  • Իրավունք - 12 Սեպտեմբերի 2017, 17:06
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Նախարարը Սարգսյաին զեկուցել է նաև հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

Սերժ Սարգսյանն արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

Ամենաընթերցվածը