Ինչպես կանխել ինքնասպանությունները. ԱԻՆ

  • Իրավունք - 11 Սեպտեմբերի 2017, 15:21
Դժվարին իրավիճակներում համապատասխան հոգեբանական խորհրդատվության, հուզական աջակցության ցուցաբերման նպատակով 2014 թ. ՀՀ ԱԻՆ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացվել է նոր շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն: Գլխավոր նպատակն էր բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը եւ հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:

Այս առնչությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ծառայությունը գործում է՝ հիմնվելով գաղտնապահության, մարդասիրության, անշահախնդրության, հանդուրժողականության, մարդու ազատության հիմնարար սկզբունքների վրա:

2003թ. ի վեր սեպտեմբերի 10-ը ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն այս խնդրի հետ կապված զգալի փորձ ունի եւ ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սուիցիդալ ռիսկը:

Ինքնասպանությունն արտաքին կամ ներքին դրդապատճառների ազդեցության տակ սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է: Այն հաճախ իրականացվում է գիտակցության նեղացած վիճակում կամ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ: Ինքնասպանությունը հոգեբանական ապահարմարման արդյունք է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ներքին կամ արտաքին ազդակներից դրդված դիմում է լետալ ավարտով ինքնակործանիչ գործողությունների՝ այն դիտարկելով որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց կամ ուշադրություն գրավելու եղանակ:

Սուիցիդալ ռիսկը մեծ է հետեւյալ խմբերում.

• փախստականներ, ազգային փոքրամասնություններ,

• հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք,

• հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք,

• անչափահաս եւ ծեր անձինք,

• ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանասական խնդիրներ ունեցող անձինք,

• նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք եւ այլոք:

Հայտնի հոգեբույժ Ա. Լիչկոն առանձնացնում է սուիցիդալ վարքի 3 հիմնական տեսակ.

• դեմոնստրատիվ (ցուցադրական)` սուիցիդի այս տեսակը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց,

• աֆեկտիվ` երբ գերակայում է հուզական պահը,

• իրական` երբ դոմինանտում է մեռնելու ցանկությունը:

Ինքնասպանություն իրականացրած մարդկանց 80%-ը նախքան ինքնասպանություն գործելն իրենց մտադրությունների վերաբերյալ կարեւոր ազդանշաններ են ուղարկում (խոսքային, վարքային), որոնք հանդես են գալիս որպես նախազգուշացում կամ «օգնության ճիչ»: Անձի հետ սուիցիդալ մտադրությունների քննարկումը նպաստում է նրա ներքին լարվածության թուլացմանը, ինչը կարող է ինքնասպանության կանխարգելման առաջին քայլը դառնալ:

Մարդու՝ ինքնասպանության գործելու մտադրության մասին կարող են հուշել.

• ընկճվածությունը, տագնապայնությունը, թախծոտ տրամադրությունը,

• թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը,

• մղձավանջային երազները,

• արտաքինին, հիգիենայի կանոններին չհետեւել,

• մահվան եւ ինքնասպանության թեմայով գրականության եւ հաղորդումների նկատմամբ հետաքրքության դրսեւորումը,

• ողբերգական եւ տխուր երաժշտության հաճախակի ունկնդրումը,

• կտակի հետ կապված հարցերի վճռումը, նախասուիցիդալ երկտողների կազմումը եւ այլն:

2017 թ. ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք»: Օգնության ձեռք մեկնելը, դիմացինին ոչ քննադատաբար լսելու ունակությունը եւ, ընդհանրապես, անտարբերության բացակայությունը կարող են էական նշանակություն ունենալ եւս մեկ կյանքի փրկության հարցում:

Ամենաընթերցվածը