Վաղն իրենք են փաստաբանի կարիք ունենալու, իզուր են ապականում այդ ինստիտուտը

    • Իրավունք - 07 Օգոստոսի 2017, 18:05
Հայաստանում մարդու իրավունքների խախտումների առումով հետընթաց է արձանագրվում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Հյուման Ռայթս Հաուս Երևանը»-ը հրապարակել է 2017 թվականի կիսամյակային զեկույցը, որում ներառվել են նաև փաստաբանների, բնապահպանների, ակտիվիստների ու իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների ու նրանց հասցեին հնչած սպառնալիքների դեպքերը:

Ըստ զեկույցի՝ 2017-ի հունվարից հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմանները անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեք պաշտպանելու համար:

Զեկույցում անդրադարձ է կատարվում փաստաբանների խուզարկությունների դեպքերին: Ըստ փաստաբանների՝ դատարանի կարգադրիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում և «զննում» են միայն փաստաբաններին, իսկ դատավորին և դատախազներին` ոչ։

Անդրադրադարձ է կատարվել նաև փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Զարուհի Հովհաննիսյանի հասցեին հնչած սպառնալիքներին: Զեկույցում տեղ է գտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի անձնական տվյալների հրապարակման դեպքը:

«Ես չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, բայց մարդու իրավունքների ասպարեզում ակնհայտ նկատելի է հետընթաց: Ովքեր այդ գրոհը սկսել են, երևի նրանք ավելի լավ կիմանան այդ շարժառիթները: Ես՝ որպես փաստաբան, իմ վրա զգում եմ օրեցօր մեծացող ճնշումը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա ճնշումների հեղինակներին կոչ է անում վերադառնալ իրավական դաշտ: «Նրանք պետք է գիտակցեն, որ փաստաբանները մեր հասարակության այն ներկայացուցիչներն են, որոնց կարիքը ցանկացած պահի ցանկացած մեկը կարող է զգալ: Եվ իրենք էլ բացառություն չեն, իրենք էլ են փաստաբանի կարիք զգալու: Եվ պետք չէ, որ հիմիկվանից այդ ինստիտուտն ապականեն այն աստիճանի, որ հետո երբ իրենց պետք լինի, ապա ոչնչով իրենց ոչ ոք չկարողանա այլևս օգնել», ասաց նա:

Հարցին, թե վա՞խ կա իշխանությունների մեջ, որ տարբեր ոլորտներում հանրային գործունեություն իրականացնողների նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ կան, փաստաբանը պատասխանեց. «Ես դա վերագրում եմ նրան, որ նրանք լավ չեն հասկանում փաստաբանների և մնացած իրավապաշտպանների կարևորությունն այս երկրի համար»:

Ըստ փաստաբանի՝ չպետք է թույլ տալ, որ այս հետընթացը շարունակվի: «Մենք չենք թողնի, որ Հայաստանը եսիմ ինչ երկիր դառնա, մենք պայքարում ենք, և հենց մեր պայքարի շնորհիվ է, որ Հայաստանը չի դարձել ավելի վատթար երկիր», հավելեց մեր զրուցակիցը:

Ամենաընթերցվածը