Կնոջ անձնական կյանքի վրա ցեխ են շպրտում հանցանքն արդարացնելու համար

    • Իրավունք - 04 Օգոստոսի 2017, 19:33
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը ոչ թե ավելացել են, այլ դրանց մասին արդեն շատ է բարձրաձայնվում, և որակումներն  են փոխվել: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Ընտանեկան բռնությունների զոհ են դառնում հիմնականում կանայք, իսկ Հայաստանում այս դեպքերը կանխարգելելու օրենսդրություն չկա:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ քանի դեռ չկա կանխարգելող որևէ օրենսդրություն, որպեսզի այդ ընտանիքների հետ աշխատանք տարվի, փոփոխություն տեղի ունենա և քանի դեռ չկա նոր քաղաքական մոտեցում, որպեսզի փոխվի հավասարության պատկերացումը կնոջ ու տղամարդու միջև, մենք կունենանք բավական մեծ հանրային արձագանք ունեցող նման դեպքեր:

«Ոչ թե դեպքերն են հաճախակիացել, այլ այնքան ենք մենք բարձրաձայնել այս դեպքերի մասին և այնքան ենք դատաքննության ընթացքում այդ գործերի վերանայումներ պահանջել, որ սկսել են արդեն առավել մանրակրկիտ քննել: Եվ ընտանեկան բռնության որակումն արդեն անմիջապես ոտիկանության կողմից է տրվում, և նախաքննության մարմինն առավել ուշադիր է քննում գործերը», ասաց  Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում տրվում էր նման որակում՝ սպանություն խանդի հողի վրա՝ առանց արձանագրելու, թե ինչ բռնությունների է ենթարկվել կինը, բռնություն գործադրած ամուսնու ցուցմունքի հիման վրա միանգամից նման որակում էին տալիս քրեական գործին, դատաքննությունն էլ այդպես շարունակվում էր, այժմ փոխվել է այդ իրավիճակը:

«Տարիներ շարունակ իրավապաշտպան խմբերը բարձրաձայնեցին որակումների անընդունելիությունը: Բնական է, որ այն անձը, ով կատարել է սպանություն, պետք է ինչ-որ կերպ չընդունի իր հանցանքը՝ կամ կնոջը վարկաբեկող հանգամանքներ բերի, կամ իրեն արդարացնող: Դա լինում էր կնոջ անձնական կյանքի վրա ցեխ գցելը, հիմա ուղղակի դա հաշվի չեն առնում, որովհետև դատաքննության փուլում դա վերածվում է խայտառակության: Փոփոխությունը կատարվել է, որովհետև կանանց իրավունքների պաշտպանները շատ ուշադիր են լինում, և փաստորեն ստացվում է, որ իրավապահ համակարգը այլ որակումներ տալով՝ փորձել է հանցագործություններ կոծկել կամ մեղմացնել: Եվ դա սիստեմատիկ բնույթ է կրել, բայց իր որակումը որպես ընտանեկան բռնության ամենադաժան դրսևորում չի գտել», ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագծին, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, Զարուհի Հովհաննիսյանն  ասաց, որ նախագիծը նախարարության կայքից հանվել է:

«Եվ քանի որ պետությունը բավարար աշխատանք չի տարել հանրությանը պատրաստելու, որ սա ոչ թե օրենսդրություն է, որը կքայքայի ընտանիքները, այլ կառողջացնի, հանրության որոշ շերտերի մոտ սկսեց բորբոքվել հենց հայկական ավանդական ընտանիքի մոդելի քայքայման վախը: Քանի որ ընտրություններ էին առջևում, իսկ ՀՀԿ-ն շատ վախեցած էր, որ հենց այն պահպանողական և քրեական հատվածը, որն աջակցում է իրենց ընտրությունները կեղծելուն, կվախենա ու չի ծառայի կուսակցությանը, հանեցին կայքից: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ և վերնախավում, և տարբեր օլիգարխիկ շրջանակներում ընտանիքները բավական բռնակալական են, ինչպես և բռնակալական է մեր պետության կառավարումը: Բռնությունն ունի նպատակ՝ հասարակությանը պահելու վախի մթնոլորտում, ինչը գալիս է այդ ավանդական մոդելից: Հիմա հանրային տարածքում որևէ տեղ չկա այս օրենքի նախագիծը: Մեզ հասած լուրերով՝ պատրաստվում են շուտով մտցնել ԱԺ օրակարգ», ասաց նա: 

Ամենաընթերցվածը