Անպատժելիության համակարգին բնորոշ վարքագիծը դառնում է նորմ

    • Իրավունք - 03 Օգոստոսի 2017, 18:35
Հայաստանում վերջին շրջանում սպանությունների ու հանցագործությունների դեպքերի ավելացումը անպատժելիության հետևանք է, ինչը գալիս է իշխանությունից, Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Անպատժելիության մթնոլորտը, որը ձևավորվում է հենց պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների փաստերով պատասխանատվություն չկրելու հետևանքով, դա համակարգային նշանակություն է ունենում: Երկու քաղաքացի կարող է ենթադրենք խուսափել պատասխանատվությունից, բայց դա այն նշանակությունը չունի, ինչ որ ունի իշխանության մարմինների և նրանց ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն չկրելու հանգամանքը: Դա է նորմը, դա է ձևավորում վարքագիծը, որը հանրության կողմից ընկալվում է որպես ուղեցույց: Այս պարագայում տարիների ընթացքում քաղաքացիների մոտ մտածելակերպ է ձևավորվում, որ չի աշխատելու արդարադատությունը, որ անիմաստ է դիմել իրավապահ մարմիններին: Եվ սա հանգեցնում է նման դեպքերի»,- ասաց Սաքունցը:

Նրա խոսքով՝ անպատժելիությունը շարունակական բնույթ ունի և դրսևորվում է հետևյալ կերպ՝ կոռուպցիոն հանցագործություններ, սպանություններ, բռնարարքներ, բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների, քաղաքացիական անձանց, ակտիվիստների, ընդդիմադիրների դեմ բռնություններ: Առանձին դեպքերում, երբ հաջողվում է պատասխանատվության ենթարկել որևէ մեկին, դրանք ավելի շատ բացառություններ են: Իսկ պատասխանատվության չափն էլ լինում է անհամաչափ, այսինքն՝ շատ մեղմ պատիժ է սահմանվում: Օրինակ՝ ընտրախախտումների համար դրամական տուգանքներ են սահմանվում, և նույն անձինք հաջորդ ընտրությունների ժամանակ նորից ընտրակեղծիքներ են իրականացնում, բռնություն գործադրող ոստիկանին պարգևատրում են, կամ էլ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է մոռանալ իրենց հանդեպ գործադրված բռնությունները:

«Այսինքն՝ իշխանության ամենաբարձր մակարդակում այդ անպատժելիությունը ոչ միայն հովանավորվում է, այլ նաև խրախուսվում է: Եվ այս պարագայում վարքագծի նորմ է դառնում ոչ թե իրավական նորմերին հետևելը կամ իրավական գործիքներին դիմելը, այլ այդ նույն անպատժելիության համակարգին բնորոշ վարքագծի դրսևորումը»,- ասաց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նկատում է, որ Հայաստանում արդարադատության միջոցով իրավունքի վերականգնման դեպքերը բացառություններ են, բայց իրականում պետք է լիներ օրինաչափություն: «Եվ այդ դեպքում խախտված իրավունքի չվերականգնման դեպքերը պետք է լինեին բացառություն, բայց մեզ մոտ հակառակն է»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ընտանեկան վեճերի հետևանքով սպանություններին, իրավապաշտպանը նշում է, որ դրանք նույնպես անպատժելիության հետևանք են: Հայաստանում ոստիկանությունը բացարձակապես հետամուտ չէ բացահայտելու ընտանեկան բռնության դեպքերը:

Ամենաընթերցվածը