Քանի դեռ Սերժ Սարգսյանը տալիս է գոնե այդ լուծումը

  • Իրավունք - 15 Հուլիսի 2017, 17:29
Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչներին բնակարաններ են սկսել հատկացել Արաբկիր վարչական շրջանում՝ Նաիրի Զարյան փողոցի նորակառույց շենքերում: Այս մասին Lragir.am-ին ասացին բնակիչները՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի կառավարական տան մոտ բողոքի ակցիա անելուց մեկ ու կես ամիս անց խնդիրը կարծես լուծվում է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը բնակիչներին խոստացել էր կարճ ժամանակահատվածում լուծել նրանց բնակարանների հարցը՝ նրանց հորդորելով այլևս ակցիաներ չանել: Իսկ խնդրի լուծումը հանձնարարված է նախագահի վերահկսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին:

Ֆիրդուսցիները մեզ հետ զրույցում ասացին, որ համաձայնություն են տալիս այս տարբերակին, քանի որ մտածում են հետագայում գուցե դրանից էլ զրկվեն: «Ձեռնտու չէ, բայց ոչնչից լավ է, մտածում ենք՝ հետագայում դրանից էլ կարող է զրկվենք: Այդ շենքում ամեն ամիս սպասարկման վարձ կա, թանկ է մեզ համար, 100 քմ տան համար ամիսը միայն 35 հազար դրամ սպասարկման վարձ պետք  է տանք, էլ չենք խոսում մնացած ծախսերի համար», ասացին բնակիչները:

Հիշեցնենք, որ նրանք անօթևան են գրեթե 10 տարի, այս ընթացքում Երևանի ծայրամասերում նրանց բնակարաններ էին առաջարկվել, բայց չէին համաձայնվել: Իսկ 33-րդ թաղամասում առաջիկայում տարբեր կառուցապատողների կողմից շինարարական աշխատանքներ են իրակնացվելու, բայց Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ տարածքում նախկին բնակիչներին բնակարաններ չեն տա: «Այսինքն՝ եթե այս տարբերակին էլ չհամաձայնենք, վաղը մյուս օրը կարող ա սրան  էլ երնեկ տանք: Դա մեզ մտածելու տեղիք է՝ տալիս», ասացին բնակիչները:

Հիշեցնենք, որ նրանք տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են արել կառավարության շենքի մոտ:

Ամենաընթերցվածը